Հայէկոնոմբանկի շահույթը 2012թ.–ի արդյունքներով կազմել է 345,5 մլն դրամ

14.06.2013 17:47
Հայէկոնոմբանկի շահույթը 2012թ.–ի արդյունքներով կազմել է 345,5 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի. /ԱՌԿԱ/. «Հայէկոնոմբանկ» ՓԲԸ–ի շահույթը 2012թ.–ի գործունեության արդյունքներով կազմել է 345,5  մլն դրամ` 2011թ.–ի 497,3 մլն դրամի դիմաց, տեղեկացրեց բանկի վարչության նախագահ Արմեն Նալջյանը։

«Հիմնական պատճառը (շահույթի կրճատում) առկա միջբանկային մրցակցությունն է։ Այսօր Հայաստանում գործում է 21 բանկ, և բանկային հատվածը միակ ոլորտն է, որտեղ կա առողջ մրցակցությունը և չկան մենաշնորհներ»,– ուրբաթ լրագրողներին ասաց կառավարման նախագահը։

Նա պարզաբանեց, որ մրցակցության հետևանքով ներգրավված միջոցների բանկային դրույքաչափերը դեռ բարձր են մնում, այն դեպքում, որ միջոցների տեղաբաշխման դրույքներն աստիճանաբար նվազում են, ինչը մարժայի և շահույթի կրճատման է հանգեցնում։

Նալջյանը շահույթի նվազման մեկ այլ պատճառ նշեց նախորդ տարի բանկի կողմից իրականացված մեծ ներդրումները` մասնաճյուղերի արդիականացման և վերասարքավորման համար։

Միաժամանակ նա նշեց, որ բանկի ակտիվները 2012թ.–ի արդյունքներով, 2011թ.–ի համեմատ, ավելացել են 6 տոկոսով և կազմել 63,9 մլրդ դրամ, իսկ տրամադրած վարկերի և փոխառությունների ծավալն աճել է 14,1 տոկոսով` 2011թ.–ի 29,3 միլիարդի դիմաց կազմելով 33,4 մլրդ դրամ։

«Հայէկոնոմբանկի պարտավորությունները հաշվետու ժամանակահատվածում աճել են 6,6 տոկոսով`2011թ.–ի 51,1 մլրդ դրամի դիմաց  կազմելով 54,4 մլրդ դրամ, ինչը բանկի հաճախորդների և գործընկերների վստահության աճի վկայությունն է»,– ավելացրեց նա։

Բանկի վարչության նախագահը տեղեկացրեց նաև, որ Հայէկոնոմբանկի ընդհանուր կապիտալը 2012թ.–ին կազմել է 9,5 մլրդ դրամ`շահույթի հաշվին  2011թ.–ի համեմատ ավելանալով 2,5 տոկոսով։

Ըստ բանկիրի, Հայէկոնոմբանկը 2012թ.–ին 25,5 հազար պլաստիկ քարտ է թողարկել, որի արդյունքում դրանց ընդհանուր քանակը նախորդ տարվա վերջին հասել է 143 հազարի։

Բանկի հաճախորդների թիվը նախորդ տարվա վերջին, անցյալ տարվա ցուցանիշի համեմատ, ավելացել է 2,2 տոկոսով և գերազանցել 108 500–ը, որից 102 500–ը ֆիզիկական անձինք են և մոտ 6100–ը` իրավաբանական անձինք։

Այսօրվա դրությամբ բանկն ունի 39 մասնաճյուղ Հայաստանում և Արցախում։

«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն գրանցվել է 1991 թվականի օգոստոսի 26-ին։ Բանկի բաժնետոմսերի ավելի քան 78 տոկոսը պատկանում է հիմնական բաժնետերերին՝ ՎԶԵԲ-ին (25+1 բաժնետոմս) և «ՍԻԼ» կոնցեռնի հիմնադիր Սուքիասյան ձեռնարկատերերի ընտանիքին (53,4 տոկոս)։Մնացած մոտ 20 տոկոս բաժնետոմսերը պատկանում են ֆիզիկական անձանց (ռեզիդենտներին և ոչ ռեզիդենտներին)։ ($1–ը` 411,64 դրամ)  –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև