Հայաստանում պլաստիկ քարտերով իրականացված գործարքների ծավալն առաջին եռամսյակում 225,6 մլրդ դրամ է կազմել

25.06.2013 14:33
Հայաստանում պլաստիկ քարտերով իրականացված գործարքների ծավալն առաջին եռամսյակում 225,6 մլրդ դրամ է կազմել

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում բոլոր տեսակի պլաստիկ քարտերով իրականացված գործարքների ծավալը 2013թ.–ի առաջին եռամսյակում կազմել է 225,6  մլրդ դրամ, ինչը 25,5 տոկոսով շատ է 2012թ.–ի առաջին եռամսյակի ցուցանիշից, նշված է ՀՀ ԿԲ բանբերում։

Միաժամանակ քարտերով իրականացված անկանխիկ գործառնությունների ծավալը կազմել է շուրջ 20,6 մլրդ դրամ։

Պլաստիկ քարտերով իրականացված անկանխիկ վճարումների ծավալն առաջին եռամսյակում, 2012թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 15,3 տոկոսով, ինչը կազմել է պլաստիկ քարտերով իրականացված գործառնությունների ամբողջ ծավալի 9,1 տոկոսը։

Անկանխիկ գործարքների ընդհանուր ծավալում համացանցի միջոցով իրականացված գործարքների ծավալը կազմել է 4,8 մլրդ դրամ, էլեկտրոնային առևտրի ծավալները կազմել են 0,8 մլրդ դրամ, քարտից քարտ կատարած փոխանցումները` 3,9 մլրդ դրամ։

Միաժամանակ ArCa քարտերի միջոցով  2013թ.–ի առաջին եռամսյակում կատարվել է 56 մլրդ դրամի 1442884 գործարք։ Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ քարտերով իրականացված գործարքների ծավալը կրճատվել է 5 տոկոսով կամ 3,2 մլրդ դրամով, իսկ գործարքների քանակը կրճատվել է 86 հազարով կամ 6 տոկոսով։

VISA միջազգային պլաստիկ քարտերով 2013թ.-ի առաջին եռամսյակի ընթացքում կատարվել է 1835536 գործարք՝ 117,7  միլիարդ դրամի չափով: 2012 թ.-ի առաջին եռամսյակի համեմատ՝ գործարքների ծավալն ավելացել է 55 տոկոսով կամ 41,8 միլիարդ դրամով:

MasterCard միջազգային պլաստիկ քարտերի միջոցով իրականացված գործարքների ծավալն առաջին եռամսյակում,  2012 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է  17 տոկոսով կամ 5,2  միլիարդ դրամով:Միաժամանակ  MasterCard-ով իրականացվել է 830301 գործարք՝ 35,8 միլիարդ դրամի չափով:

Այլ միջազգային պլաստիկ քարտերով կատարվել է 254297 գործարք, որոնց ընդհանուր ծավալը կազմել է 16 միլիարդ դրամ, ինչը 11 տոկոսով կամ 1,6 մլրդ դրամով շատ է 2012թ.–ի առաջին եռամսյակի ցուցանիշից։

Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում շրջանառության մեջ գտնվող քարտերի ընդհանուր թիվը կազմել է 1,4 մլն` 2012թ.–ի չորրորդ եռամսյակի համեմատ ավելանալով 5 տոկոսով։

ԿԲ հաշվետվության տվյալների համաձայն, 2013 թ.-ի առաջին եռամսյակում, 2012թ.–ի չորրորդ եռամսյակի համեմատ,  ArCa գործող լոկալ քարտերի թիվը, ավելացել է 5 տոկոսով` կազմելով 518 հազար քարտ։ Միաժամանակ միջազգային համակարգերի քարտերի թիվն ավելացել է 5 տոկոսով (կազմելով 873 հազար), մասնավորապես VISA քարտերի թիվն ավելացել է 4 տոկոսով (543  հազար քարտ), իսկ MasterCard-ի թիվն ավելացել է 7 տոկոսով (283 հազար քարտ)։

Անցյալ տարվա չորրորդ եռամսյակի վերջի դրությամբ Հայաստանում գործող 21 բանկերից 19-ն է զբաղվել պլաստիկ քարտերի տրամադրմամբ և սպասարկմամբ։ Ընդ որում, այդ 19 առևտրային բանկերն ընդգրկված են ArCa ընդհանուր վճարային համակարգում: (1 դոլարը 411,64 դրամ է)-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև