Հայաստանի Կենտրոնական բանկը անփոփոխ թողեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8%

26.06.2013 13:10
Հայաստանի Կենտրոնական բանկը անփոփոխ թողեց  վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8%

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկի հունիսի 25-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ` 8%, հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը:

2013 թ. մայիսին արձանագրվել է 0.02% գնանկում, ինչը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1.3% գնանկման պարագայում, հանգեցրել է 12-ամսյա գնաճի բարձրացմանը՝ մայիսի վերջին կազմելով 5.2%:

Խորհուրդն արձանագրեց, որ արտաքին հատվածում պահպանվել են համաշխարհային տնտեսական աճի տեմպերի դանդաղման միտումները: Այդ պայմաններում ինչպես հումքային, այնպես էլ պարենային հիմնական ապրանքների միջազգային շուկաներում գրանցվել են գնանկումային միտումներ: Այս զարգացումների ներքո, կանխատեսվող հորիզոնում արտաքին հատվածը կբնութագրվի համաշխարհային տնտեսական աճի վերականգնման դանդաղ տեմպերով և ոչ գնաճային ազդեցություններով:

Խորհուրդը գնահատեց, որ վերջին զարգացումների համաձայն ՀՀ տնտեսությունում, ինչպես և ակնկալվում էր, շարունակվել էգյուղատնտեսության առաջարկի շոկի աստիճանական մարման ազդեցությամբ իրական սպառման՝ նախորդ տարում ձևավորված հավելուրդային աճի կրճատումը, ինչը ուղեկցվել է նաև Կառավարության կողմից իրականացված կանխատեսվածից ավելի զսպող հարկաբյուջետային քաղաքականությամբ:

Արդյունքում, կանխատեսվող հորիզոնում գնաճի վրա ներքին պահանջարկի ազդեցությունը մնում է ոչ գնաճային: Նշված գնանկումային գործոնների պայմաններում երկրորդ եռամսյակում գնաճային միջավայրի ընդլայնումը պայմանավորվել է հիմնականում գյուղատնտեսության ճյուղի բացասական զարգացումներով, մասնավորապես՝ եղանակային վատ պայմանների հետևանքով վեգետացիոն շրջանի ուշացմամբ, ինչպես նաև ձևավորված գնաճային սպասումներով:

Դա արտահայտվել է պարենային ապրանքների գների՝ սպասվածից քիչ անկմամբ, որի արդյունքում էլ, ըստ ԿԲ գնահատումների, կիսամյակը կավարտվի 12-ամսյա գնաճի՝ կանխատեսվածից բարձր ցուցանիշով:

«Հաշվի առնելով վերոնշյալ զարգացումները, ինչպես նաև այն հանգամանքը, որ ձևավորված բարձր գնաճային միջավայրը ժամանակավոր առաջարկի շոկի արդյունք է, ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: ՀՀ ԿԲ կողմից դրական իրական տոկոսադրույքի պահպանումը հնարավորություն կտա խարսխել գնաճային սպասումները և նպաստել տնտեսական ակտիվության բարձրացմանը: Վերջինիս օժանդակել է նաև ԿԲ մեկ այլ գործողություն՝ դրամով պարտադիր պահուստավորման նորմայի իջեցումը, որով ԿԲ-ն բավարար դրամային իրացվելիություն է ապահովել տնտեսություն», – նշված է հաղորդագրությունում:

Միաժամանակ, ԿԲ-ն պատրաստ է համապատասխանորեն արձագանքել հուլիսից էներգակիրների սակագների բարձրացման ազդեցությամբ գնաճային սպասումների և դրա երկրորդային ազդեցությունների դրսևորումներին:

Այս պարագայում գնահատվում է, որ մինչև հաջորդ տարվա երկրորդ կիսամյակ 12-ամսյա գնաճը կմոտենա 4% նպատակային ցուցանիշին և կանխատեսվող հորիզոնում կպահպանվի դրա շրջանակներում, իսկ տնտեսական աճը կձևավորվի իր հավասարակշիռ մակարդակում:

Վերջին անգամ ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը փոխել էր 2011թ. սեպտեմբերի 6-ին` 8,5%-ից իջեցնելով 8%-ի:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև