«Ամերիա» ՓԲԸ–ն ներկայացրել է «Դատարանների մոնիթորինգի ծառայություններ» ծրագրի արդյունքները

26.06.2013 17:01
«Ամերիա» ՓԲԸ–ն ներկայացրել է «Դատարանների մոնիթորինգի ծառայություններ» ծրագրի արդյունքները

ԾԱՂԿԱՁՈՐ, 26 հունիսի. /ԱՌԿԱ/. «Ամերիա» ՓԲԸ–ն Ծաղկաձորում կազմակերպված սեմինարի ընթացքում ներկայացրել է «Դատարանների դիտարկման ծառայություններ» ծրագրի արդյունքները, որը ֆինանսավորվում է Համաշխարհային բանկի կողմից և իրականացվում ՀՀ արդարադատության նախարարությանն առընթեր Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակի պատվերով։

Ծրագրի նպատակն է Հայաստանում դատարանների մոնիթորինգի համակարգ ներդնել` դատական համակարգի արդյունավետությունը բարձրացնելու, դատական տեղեկատվության թափանցիկություն, հասանելիություն ապահովելու նպատակով, ինչը թույլ կտա բարձրացնել դատական համակարգի նկատմամբ քաղաքացիների վստահության մակարդակը։

«Ամերիան» դատարանների մոնիթորինգի մեթոդաբանություն է մշակել, որը հիմք կդառնա հետագայում դիտարկումներ անցկացնելու համար` հաշվի առնելով Հայաստանի դատական համակարգի առանձնահատկությունները և միջազգային փորձը»,– լրագրողներին ասաց «Ամերիա» ՓԲԸ–ի իրավական պրակտիկայի տնօրեն Դավիթ Սարգսյանը։

Ըստ նրա, դիտարկման ընթացքում դատարանները դիտարկվել են ոչ միայն որպես արդարադատության մարմիններ, այլ նաև որպես համակարգ, որը ծառայություններ է տրամադրում։

«Այդ պատճառով մենք փորձեցինք դիտարկում անցկացնել` հաշվի առնելով, թե որքան են դատարանները հասանելի  քաղաքացիների, լրագրողների համար, հաշվի առնելով շենքերի հարմարավետությունը, նիստերի հնարավոր ուշացումները և այլն»,– նշեց նա։

Սարգսյանը տեղեկացրեց, որ ծրագիրը նախաձեռնել է պետությունը` դատաիրավական բարեփոխումների շրջանակներում, և ծրագրի արդյունքները կփոխանցվեն համապատասխան պետական մարմիններին։

«Ամերիա» անվան և ապրանքանիշի ներքո գործող ընկերությունները հանդիսանում են հայաստանյան շուկայում առավել դինամիկ և արագ զարգացող, մասնագիտացված ծառայություններ մատուցող հաստատություններ։

1998թ.-ին հիմնադրված «Ամերիա» ընկերությունը, որը խորհրդատվական ծառայությունների հայկական շուկայի առաջատար ընկերություններից մեկն է, առաջարկում է մասնագիտական ծառայություններ երեք հիմնական ուղղություններով՝ կառավարման, ֆինանսական և իրավաբանական խորհրդատվություն: Ընկերությունը հանդես է գալիս որպես ֆինանսական, իրավական և ռազմավարական խորհրդատու և գործընկեր հաճախորդների համար պետական և մասնավոր հատվածներում, ինչպես նաև Հայաստանում և Հարավային Կովկասում գործող միջազգային կազմակերպություններում: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև