Հայ փորձագետները կասկածում են, որ Bloomberg գործակալության` աշխարհի ամենաարատավոր երկրների վարկանիշն անկողմնակալ է

01.07.2013 16:18
Հայ փորձագետները կասկածում են, որ Bloomberg գործակալության` աշխարհի ամենաարատավոր երկրների վարկանիշն անկողմնակալ է

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի. /ԱՌԿԱ/. Bloomberg գործակալության` աշխարհի ամենաարատավոր երկրների վարկանիշի (որտեղ Հայաստանը զբաղեցրել էր չորրորդ տեղը) մեթոդաբանության օբյեկտիվությունն ու հստակությունը կասկած է հարուցում, ասաց «Սոցիոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը։

Մասնագետներն ուսումնասիրել են աշխարհի 57 երկրի ցուցանիշները։ Վարկանիշը կազմելու համար չորս ցուցանիշ է վերցվել` ալկոհոլի միջին քանակը, որը խմում է երկրի յուրաքանչյուր չափահաս մարդ, օգտագործվող ծխախոտի քանակը, թմրանյութերի տարածվածությունը և ՀՆԱ–ի տոկոսներով մոլախաղերից ստացված ընդհանուր կորուստները։

Մասնավորապես Ադիբեկյանը կասկածի տակ է դրել վարկանիշում տեղ գտած ցուցանիշները` հայ ծխողների օգտագործված ծխախոտի միջին քանակի վերաբերյալ։ «Մեր հետազոտությունների համաձայն, այսօրվա դրությամբ Հայաստանի բնակչության 60 տոկոսը օրական ծխում է միջինը 8–10 ծխախոտ։ Եթե հաշվենք տարեկան ցուցանիշը, թվերը բավական հակասական են»,– երկուշաբթի ասուլիսի ժամանակ ասաց նա։

Bloomberg-ի վերլուծաբանները պարզել են, որ հայը տարեկան խմում է 13,6 լիտր ալկոհոլ, ծխում է 1620 ծխախոտ, մոլախաղերին հատկացվում է ՀՆԱ–ի 1,65 տոկոսը։ Կանեփ է ծխում երկրի բնակչության 3,5 տոկոսը, օփիոիդ է օգտագործում 0,3 տոկոսը, ամֆետամին և էքստազի է օգտագործում 0,05 տոկոսը և 0,1 տոկոսը, համապատասխանաբար, իսկ կոկաին է օգտագործում 0,1 տոկոսը

Խոսելով ալկոհոլի օգտագործման ցուցանիշի մասին` Ադիբեկյանը կասկած հայտնեց, թե որտեղից է Bloomberg–ը վերցրել այդ տվյալները, քանի որ Հայաստանի բնակչի տարեկան օգտագործած ալկոհոլի 80 տոկոսը բաժին է ընկնում տնային պայմաններում պատրաստած սպիրտին։

««Սոցիոմետր» կենտրոնի հետազոտությունների համաձայն, Հայաստանի բնակիչը տարեկան օգտագործում է միջինը 11,5 լիտր ալկոհոլ, որից 9–ը` տնային արտադրության»,– ավելացրեց նա։

Ամենակասկածելին սոցիոլոգը համարում է թմրանյութերի տարածվածության ցուցանիշը և ՀՆԱ–ի տոկոսներով մոլախաղերից ստացված ընդհանուր կորուստները։

Ըստ նրա, հետազոտության մեջ նշվում է, որ Հայաստանում առկա է 160 հազար թմրամոլ, այն դեպքում, երբ ըստ Առողջապահության նախարարության տվյալների, գրանցված թմրամոլ քաղաքացիների թիվը կազմում է 4,3 հազար։

«Բնական է, որ ոչ բոլոր թմրամոլներն են գրանցված։ Սակայն, ըստ հաշվարկի ընդհանուր ընդունված չափանիշների, մոտավոր թիվ ստանալու համար պաշտոնական ցուցանիշը բազմապատկվում է չորս կամ հինգ անգամ։ Ամեն դեպքում 160 հազար չէ»,– ավելացրեց նա։

Ինչ վերաբերում է մոլախաղերին, ապա, ըստ փորձագետի, բոլորովին անհասկանալի չէ, թե ինչպես է նման բարձր ցուցանիշ ստացվել, եթե երկրի բնակչության 85 տոկոսը «հազիվ է ծայրը ծայրին հասցնում» և չի կարող լրացուցիչ միջոցներ ունենալ մոլախաղերի համար։

«Մեզ մոտ գործում է մեկ կամ երկու վիճակախաղ, գրեթե բոլոր խաղատները տեղակայված են Երևանի մոտ, մարզերում մոլախաղերի հասանելիություն չկա։ Անհասկանալի է, թե ինչպես է արվել այդ հաշվարկը»,– ընդգծեց նա։

Հոգեբանական գիտությունների դոկտոր Սրբուհի Գևորգյանն իր հերթին նշեց, որ կազմված վարկանիշում որոշակի քաղաքական պատվեր է տեսնում։

«Ես չգիտեմ, թե ով է պատվիրատուն` չնայած դժվար չէ գուշակելը։ Վստահ եմ, որ մենք պետք է սեփական հետազոտություն անցկացնենք, քանի որ այստեղ դրված է ազգային արժանապատվությունը պաշտպանելու հարցը»,– ասաց նա։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև