Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի մասնագետները համոզված են, որ մինչև տարեվերջ վարկերի ու ավանդների տոկոսադրույքները չեն փոխվելու

04.07.2013 11:40
Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի մասնագետները համոզված են, որ մինչև տարեվերջ վարկերի ու ավանդների տոկոսադրույքները չեն փոխվելու

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի մասնագետներն այս տարի չեն կանխատեսում վարկերի ու ավանդների տոկոսադրույքների փոփոխություն, հայտարարել է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ի գլխավոր տնօրենի տեղակալ Վիգեն Բարսեղյանը:

«Տոկոսադրույքների չափը կախված է ինչպես ներտնտեսական, այնպես էլ արտաքին շուկաներում առկա իրավիճակից: Տոկոսադրույքը` դա օբյեկտիվ մեծություն է, որը ձևավորվում է շուկայում: Բարձր տոկոսադրույքներ արձանագրելիս միաժամանակ պետք է նշել այն ցուցանիշը, որի հետ հարաբերակցում ենք վարկերի դրույքաչափերը: Եթե նշում ենք, որ Հայաստանում վարկային ռիսկի մակարդակը բարձր է` դա նշանակում է, որ տոկոսադրույքները նույնպես պետք է համապատասխանեն վարկային ռիսկի ցուցանիշին»,– Բարսեղյանի խոսքն է ներկայացնում բանկի մամուլի ծառայությունը:

Բացի այդ, նրա խոսքով, իրենց գործունեության արդյունքում բանկերը պետք է ձեռք բերեն այնպիսի մարժա, որի շնորհիվ առաջին հերթին հնարավոր կլինի ապահովել ամբողջ բանկի գործունեության արդյունավետությունը, երկրորդ հերթին` վարկավորման ընթացքում հնարավոր ռիսկերի նվազեցումը:

«Կենտրոնական բանկի դրամային քաղաքականությունը միանշանակորեն ուղղված է բանկային համակարգի կայունացմանը: Այսինքն` կարգավորող մարմնի քաղաքականությունն ուղղված է վարկային շուկայի կայունացմանն ու բանկերի կողմից բոլոր պլանային գործակիցների աճի ապահովմանը: Կենտրոնական բանկի կողմից նախաձեռնվող բոլոր նորմատիվային փոփոխությունների մասին տեղական առևտրային բանկերը տեղեկանում են նախօրոք: Եթե որևիցե բանկի չի հաջողվում հարմարվել նոր պայմաններին, ապա վերջինի մոտ առկա է ներքին կառավարման համակարգի ցածր արդյունավետության խնդիր»,– նշում է Բարսեղյանը:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ-ին, որի 100% բաժնետերն է խոշորագույն ռուսաստանյան բանկերից մեկը` «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ն: Բանկն ունի 16 մասնաճյուղ, որից 7-ը` Երևանում և 9-ը` մարզերում:  -0 –


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև