HSBC Բանկ Հայաստանը սահմանել է առևտրի ֆինանսավորման ոլորտի լավագույն հաճախորդների հնգյակը

10.07.2013 16:32
HSBC Բանկ Հայաստանը սահմանել է առևտրի ֆինանսավորման ոլորտի լավագույն հաճախորդների հնգյակը

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի. /ԱՌԿԱ/. HSBC Բանկ Հայաստանը չորրորդ տարին անընդմեջ սահմանում է առևտրի ֆինանսավորման ոլորտի հաճախորդների լավագույն հնգյակը։

«Մրցանակ միջազգային առևտրի համար» անվանակարգում պարգևը շնորհվել է ALFA PET (հիմնադրվել է  2007 թվականին) ընկերությանը, որը միջնորդ է հանդես գալիս Հայաստանի ֆինանսական շուկայում։

«Մրցանակ նորարարական առևտրի համար» անվանակարգի հաղթող դարձավ Piralyan ընկերությունը (հիմնադրվել է 1999 թվականին), որը զբաղվում է հագուստի և կոշիկի ներկրմամբ և 2011 թվականին հիմնադրել է կոշկեղենի արտադրություն իտալական տեխնոլոգիաների օգտագործմամբ։

«Մրցանակ նոր հաճախորդին» անվանակարգում լավագույն ընկերություն ճանաչվեց Mentor Graphics Development Services–ը (Հայաստանում աշխատում է 2002 թվականից), որն էլեկտրոնային դիզայնի և ավտոմատացման համար ծրագրային ապահովման առաջատար է։

Բանկի գլխավոր գործադիր տնօրենի հատուկ մրցանակին արժանացավ գինու և կոնյակի արտադրությամբ զբաղվող Golden Grape Armas (հիմնված 2009 թվականին) ընկերությունը։

Այս տարի Գրան Պրիի արժանացավ Euroterm (հիմնադրվել է 1998 թվականին), որի գործունեության հիմնական ուղղություններից մեկը ջեռուցման համակարգերի ներկրումը, վաճառքը և տեղադրումն է։ Ընկերությանն է պատկանում նաև Noyan ապրանքատեսակը, որով Հայաստանում արտադրվում են հյութեր, նեկտարներ, ըմպելիքներ, բանջարեղենային պահածոներ և մուրաբա։

«Մրցանակը միջոց է ցույց տալու, թե ինչ հաջողությունների են հասել մեր հաճախորդները բանկի կողմից` առևտրի ֆինանսավորման առաջարկվող մեխանիզմների օգնությամբ, և դրանց օրինակով խրախուսել այլ հաճախորդների` այդ ծառայություններից օգտվելու համար»,– պարգևատրման արարողության ժամանակ հայտարարեց HSBC Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Տիես Կլեմենցը։ Նրա խոսքով, միջազգային առևտրի խթանումը միշտ HSBC–ի ռազմավարական խնդիրներից է եղել, քանի որ 1865 թվականին գործունեություն սկսելու պահից այն առևտուր է ֆինանսավորում Ասիայի, Հարավային Ամերիկայի և Եվրոպայի զարգացած և զարգացող երկրների միջև։

«HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն «HSBC Bank plc» խմբի անդամ է, գրանցված է 1995 թվականի սեպտեմբերի 25-ից: «HSBC Europe BV» հոլդինգային ընկերությանն է պատկանում HSBC Բանկ Հայաստանի բաժնետոմսերի 70 տոկոսը, իսկ բաժնետոմսերի 30 տոկոսը պատկանում է «Wings Establishment»-ին: «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն 2009 թվականի վերջից NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի անդամ է: ($1 – 411,76 դրամ է)։ —0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև