«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբն» առաջարկում է դրամական միջոցները արժութային ռիսկերից պահպանելու հուսալի մեխանիզմներ

12.07.2013 11:32
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբն» առաջարկում է դրամական միջոցները արժութային ռիսկերից պահպանելու հուսալի մեխանիզմներ

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն առաջարկում է դրամական միջոցները արժութային ռիսկերից պահպանելու հուսալի մեխանիզմներ, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից։

Ինչպես նշեց «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ Ֆինանսական շուկաներում գործառնությունների բաժնի պետ Նարինե Սարգսյանը, բանկում արդեն մի քանի տարի է, ինչ գործում են հաճախորդների խնայողությունների պահպանման և դրանց արժութային ռիսկերի դիվերսիֆիկացման հուսալի մեխանիզմներ։

«Այսօր շուկայում նկատվում է չափազանց բարձր փոփոխականություն, որն առաջին հերթին վերաբերում է արտարժույթին ու ոսկու արժեքին: Իրոք` շուկայում ստեղծված իրավիճակն այնպիսին է, որ հիմնական արժույթների փոխարժեքների հետ կապված սպասումները շատ հակասական են, իսկ հաճախորդներից ներգրավված ավանդները, որոնց տեսակարար կշիռը բանկային համակարգի պարտավորություններում բավականին մեծ է, անընդհատ փոխարկվում են մի արժույթից մյուսը»,- նշել է Սարգսյանը:

Սարգսյանի փոխանցմամբ` չնայած դրամային ավանդների համեմատաբար բարձր տոկոսադրույքներին` արժութային ավանդների տեսակարար կշիռը մնում է գերիշխող:

«Ինչ վերաբերում է բնակչության խնայողություններին` կարծում եմ, որ շուկայական իրավիճակի փոփոխության, փոխարժեքների տատանման պայմաններում ճիշտ կլիներ դիվերսիֆիկացնել ռիսկը, այն է` խնայողությունները պահել ինչպես ազգային տարադրամով, այնպես էլ արտարժույթով (հիմնականում ԱՄՆ դոլարով, ինչը պայմանավորված է մեր տնտեսությունում դոլարի չափազանց կարևորությամբ և նրանով, որ այլ հիմնական արժույթներով ավանդների տոկոսադրույքները ցածր են, իսկ փոփոխականության ռիսկը` բարձր)` նախապատվություն տալով դրամին և ավելի բարձր տոկոսադրույքներին»,- նշել է Ֆինանսական շուկաներում գործառնությունների բաժնի պետը։

Այսօր բանկերն իրենց հաճախորդներին առաջարկում են փոխարկելի ավանդատեսակներ, որոնք հնարավորություն են տալիս ցանկացած պահի փոխել ավանդի արժույթը` պահպանելով կուտակված տոկոսագումարները:

«Մեր բանկում գործում են բնակչության խնայողությունների պահպանման ևս մի քանի մեխանիզմներ: Դրանք են` առարկայազուրկ մետաղական հաշիվները (ԱՄՀ) և «Ոսկե ստանդարտ» ավանդատեսակը, որոնք հնարավորություն են տալիս հաճախորդի հաշվում առկա գումարը կամ ավանդի գումարը վերածել առարկայազուրկ ոսկու` ստանալով հավելյալ եկամուտ ոսկու գնի տատանումից», - հայտնել է Սարգսյանը:

«Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ. և 2007 թվականից Բանկը հանդիսանում է ռուսաստանյան խոշորագույն բանկերից մեկի` «Գազպրոմբանկ» (ԲԲԸ) դուստր ձեռնարկությունը: Առէկսիմբանկը հանդիսանում է VISA International and MasterCard միջազգային վճարային համակարգի պրինցիպալ անդամ, ինչպես նաև տեղական ArCa վճարային համակարգի անդամ: 2012 թվականի հունիսին Բանկը վավերացվել է VISA ընկերության կողմից՝ ստանալով համացանցում VISA քարտերի էքվայրինգ իրականացնելու հնարավորություն: --0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև