Արդշինինվեստբանկի զուտ շահույթը 2013թ.–ի 6 ամիսների ընթացքում աճել է 1.5 անգամ` մինչև 2.1 մլրդ դրամ

25.07.2013 16:20
Արդշինինվեստբանկի զուտ շահույթը 2013թ.–ի 6 ամիսների ընթացքում աճել է 1.5 անգամ` մինչև 2.1 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի. /ԱՌԿԱ/. Արդշինինվեստբանկի` 2013 թվականի 6 ամիսների զուտ շահույթը կազմել է 2.1 մլրդ ՀՀ դրամ՝ ավելի քան 1,5 անգամ գերազանցելով նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի ցուցանիշը, որն ամենաբարձր աճի տեմպերից մեկն է Բանկի ողջ պատմության ընթացքում, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից։

«Չնայած Հայաստանի բանկային ծառայությունների շուկայում աճող մրցակցությանը` Բանկն իր գործունեության հիմնական ֆինանսական ցուցանիշների գծով շարունակեց կայուն աճ արձանագրել»,– ասվում է 2013 թվականի առաջին կիսամյակում բանկի գործունեության արդյունքներով հրապարակած հաղորդման մեջ։

Հաղորդագրության համաձայն, զուտ շահույթի աճն ապահովող հիմնական գործոններից են՝ վարկային պորտֆելի ծավալի մեծացումը, ռիսկերի կառավարման համակարգերի արդյունավետության բարձրացումն ու գործունեության ընդհանուր արդյունավետության բարձրացումը:

2013 թվականի վեց ամիսների ընթացքում զուտ տոկոսային եկամուտը հասել է  6.2 մլրդ ՀՀ դրամի` աճելով 41.6%-ով 2012 թվականի համապատասխան ժամանակահատվածի համեմատ։ «Բանկի բիզնեսի արդյունավետությունը հաստատող այս ցուցանիշի աճը պայմանավորված է Բանկի բիզնես-մոդելի շարունակական բարելավման հետ»,– նշում էն մամուլի ծառայությունից։

Զուտ կոմիսիոն եկամուտը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 14.2%-ով՝ կազմելով 1.8 մլրդ ՀՀ դրամ: «Այս ցուցանիշի գծով Բանկը շարունակում է զբաղեցնել առաջին տեղը ՀՀ բանկային համակարգում»,– ասվում է հաղորդման մեջ։

Զուտ գործառնական եկամուտը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 33.3%-ով՝ կազմելով 9.0 մլրդ ՀՀ դրամ:

«Ցանկացած երկրի բանկային ոլորտում աննախադեպ աճի նման ընթացքը կապված է ակտիվների տեղաբաշխման թիրախների իրագործման հետ, ինչպես նաև ակտիվների ընդհանուր ծավալի մեջ բարձր եկամտաբերություն ունեցող ակտիվների աճի հետ (այսինքն՝ վարկավորման միջոցով շուկայում ավելորդ իրացվելիության տեղաբաշխումով)»,– նշեցին մամուլի ծառայությունից։

Բանկի բիզնեսի շահութաբերության հիմնական ցուցանիշներից մեկը՝ ծախսերի հարաբերակցությունը եկամուտներին (CIR), 2013 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 47.4%: «Տվյալ ցուցանիշը 10.1%-ով գերազանցում է բանկային համակարգի նույն ցուցանիշը, որը կազմում է 57.5%: Սա վկայում է այն մասին, որ ծախսերի կառավարման խնդիրը առաջնային դեր ունի Բանկի ղեկավարության համար և գտնվում է մշտական հսկողության ներքո»,– ասվում է հաղորդագրության մեջ։

«Ի հավելումն դրական ֆինանսական արդյունքի` բանկը շարունակում է աշխատել ռիսկերի կառավարման համակարգի ամրապնդման և օպերացիոն համակարգի զարգացման ուղղությամբ։ Առաջվա պես, իր լայն մասնաճյուղային ցանցով Արդշինինվեստբանկը երկրորդ տեղն է զբաղեցնում Հայասստանի բանկային համակարգում»,– ավելացրեցին մամուլի ծառայությունից։

2013 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Արդշինինվեստբանկի հաճախորդների բազան կազմում է թվով 9,671 իրավաբանական անձ և 221,866 ֆիզիկական անձ, ինչը 20%-ով գերազանցում է 2012 թվականի տարեվերջի ցուցանիշը:

Նշված ամսաթվի դրությամբ Բանկի վաճառքի ցանցը կազմել է 324 կետ (ներառյալ բանկոմատները և POS-տերմինալները):
«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն ՀՀ ԿԲ բանկային գործունեություն իրականացնելու լիցենզիան (N 83) ստացել է 2003թ.–ի փետրվարի 27-ին: Բանկի հիմնական բաժնետերերն են «Բիզնես ներդրումների կենտրոն» ՍՊԸ-ն (86,82%) և Միջազգային ֆինանսական կորպորացիան՝ IFC (10%), որը բաժնետեր դարձավ 2007թ.-ին: ($1- 410,33 դրամ է)–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև