Մետաղի շուկա. ոսկու ու պղնձի վաճառքի գինը տարբեր ուղղություններ է ստացել. ուշադրության կենտրոնում է ԱՄՆ–ի և Եվրագոտու կարգավորիչների նիստը

29.07.2013 15:40
Մետաղի շուկա. ոսկու ու պղնձի վաճառքի գինը տարբեր ուղղություններ է ստացել. ուշադրության կենտրոնում է ԱՄՆ–ի և Եվրագոտու կարգավորիչների նիստը

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի. /ԱՌԿԱ/. Երբ պարզ դարձավ, որ առաջիկա ամիսներին ԴՊՀ–ն չի նախատեսում կրճատել բաց շուկայում արժեթղթերի գնումների ծավալը, շուկայում տիրող ընդհանուր լավատեսության ֆոնին հուլիսի 22–26–ն ընկած ժամանակահատվածում ոսկու գինը բարձրացավ։

Աշխարհի ամենամեծ տնտեսության վերաբերյալ խառը մակրոտնտեսական վիճակագրությունն ու ԱՄՆ դոլարի  ոչ այնքան վստահ դիրքը նույնպես նպաստեցին դեղին մետաղի գրավչության բարձրացմանը։ Իսկապես, գործազրկության նպաստների հայտերի քանակը դադարեց նվազել և մեկ շաբաթվա ընթացքում կայունացավ մոտ 340,0 հազար նիշի մակարդակում, իսկ երկարատև օգտագործման ապրանքների պատվերները` առանց հաշվի առնելու տրանսպորտը, հունիսին մնացին նույն մակարդակում։ Արդյունքում` դեղին մետաղի արժեքը նախորդ շաբաթ բարձրացավ 1,51 տոկոսով` մեկ տրոյական ունցիայի դիմաց կազմելով 1333,06 ԱՄՆ դոլար։

Առաջիկա շաբաթվա ընթացքում ոսկու հեռանկարները հավանաբար անորոշ կմնան այնքան, քանի դեռ շուկան նոր նշանակալից կողմնորոշիչներ չի ստացել։ Նախևառաջ շուկայի մասնակիցների ուշադրության կենտրոնում կլինի հիմնական տոկոսադրույքի վերաբերյալ ԱՄՆ ԴՊՀ հերթական երկօրյա նիստը, որի արդյունքները հայտնի կդառնան չորեքշաբթի` հուլիսի 31–ին։ Հիշեցնենք, որ նախկինում հրապարակված ամերիկյան կարգավորիչի վերջին նիստի արձանագրությունները մատնանշում էին, որ Խորհրդի որոշ անդամներ նախկինի պես ավելի խիստ դիրքորոշում ունեն մոնետար քաղաքականության նկատմամբ։

Ըստ մեր գնահատականների, ներդրողները զգուշություն կցուցաբերեն և ամերիկյան կարգավորիչի որոշման հարցում հետագա ուղենիշներ կփնտրեն։ Եթե կից հայտարարության մեջ էական փոփոխություններ չլինեն, ոսկին կարող է շարունակել իր աճը։  Սակայն, եթե դրամավարկային քաղաքականության հեռանկարների վերաբերյալ հայտարարությունը փոփոխության ենթարկվի, ոսկին կարող է կտրուկ նվազել։ Առաջիկա շաբաթվա ընթացքում ոսկու համար աջակից մակարդակ կարող է դառնալ մեկ տրոյական ունցիայի դիմաց 1275,0 ԱՄՆ դոլար արժեքը։

Ներդրողների տրամադրության և թանկարժեք ակտիվի գնանշումների վրա կարող են ազդել ԱՄՆ–ից ստացված մակրոտնտեսական տվյալները։ Այդ նորություններից պետք է առանձնացնել արդյունաբերական հատվածում մատակարարումների կառավարման ինստիտուտից ստացված PMI գնումների վերաբերյալ մենեջերների ցուցիչի տվյալների հրապարակումը, ADP գործակալության նոր աշխատատեղերի քանակը և հուլիսին ոչ գյուղատնտեսական հատվածում աշխատողների թվի փոփոխությունը, ինչպես նաև երկրորդ եռամսյակում ԱՄՆ ՀՆԱ–ի նախնական թվերը։ Օվկիանոսի մյուս կողմից  ստացված մակրոտվյալները դեռ մեծ լավատեսություն չեն ներշնչում։ Տնտեսության վերականգնման հիմնական ցուցանիշի նախնական թվերը հավանաբար աշխարհի խոշորագույն տնտեսության աճի տեմպերի նվազում կցուցադրեն, իսկ զբաղվածության շուկայի հետ կապված թվերը կարող են նախորդից փոքր–ինչ բացասական լինել, ինչի պատճառով թանկարժեք մետաղի գները կարող են բարձրանալ։

Առաջիկա հինգ առևտրային նստաշրջանի ընթացքում դիմադրություն կարող է դառնալ մեկ տրոյական ունցիայի դիմաց 1396,0 ԱՄՆ դոլար նիշը։

Առաջիկա շաբաթվա համար նախատեսված կարևոր իրադարձություններից նաև պետք է առանձնացնել հիմնական տոկոսադրույքի վերաբերյալ ԵԿԲ հերթական նիստը, ինչպես նաև նախագահ Մարիո Դրագիի ավանդական ասուլիսը։ Վերջին շրջանում էապես ուժեղացել են սպասումները, թե եվրոպական կարգավորիչը կարող է առանցքային տոկոսադրույքի նվազման դիմել։ Եթե այն ակնկալիքներն արդարացվեն, ԱՄՆ դոլարը կարող է զգալիորեն ամրապնդել իր դիրքերը` այդպիսով մետաղների շուկայում զգալի տատանում հրահրելով։ Սակայն, եթե դատենք վերջին մակրոտնտեսական տվյալներից, Եվրոպայի իրավիճակը դեռ որոշիչ գործողություններ չի պահանջում, այդ պատճառով կարելի է ենթադրել, որ այդ նիստը միօրինակ կլինի և առանց դրամական քաղաքականության լուրջ փոփոխությունների։

Նախորդ շաբաթ ֆյուչերսի շուկայում պղնձի արժեքը նվազեց 2,02 տոկոսով` մեկ ֆունտ պղնձի դիմաց կազմելով 3,1015 ԱՄՆ դոլար։ Այնուամենայնիվ, աշխատանքային շաբաթվա առաջին երկու օրը կարմիր մետաղի շուկայում առուվաճառքները կայուն են եղել։ Երբ HSBC–ին հրապարակեց Չինաստանի արտադրական հատվածի գործնական ակտիվության ցուցիչի տվյալները, իրավիճակը շաբաթվա կեսին փոխվեց ոչ այս ակտիվի օգտին։ Այսպես, չորս ամիս շարունակ նվազում ցուցադրող ցուցանիշը հուլիսին նվազեց մինչև 47.7 կետ` հունիսի 48,2 կետի դիմաց։ ԱՄՆ–ի տնտեսության խառը տնտեսական վիճակագրությունը նույնպես չավելացրեց լավատեսությունը։

Այնուամենայնիվ, կարմիր մետաղի շուկայում որոշ դրական տրամադրություն բերեց Շանհայի ֆյուչերսի բորսայում այս ակտիվի բորսային պաշարի նվազումը։ Նախորդ շաբաթ Shanghai Futures Exchange–ում պղնձի պահեստային պաշարները նվազել են 5865 տոննայով` կազմելով 161564 տոննա։

Առաջիկա շաբաթվա սկզբին հավանաբար պղնձի գնանշումները կմնան ճնշման տակ` հաշվի առնելով նախորդ ուրբաթ առուվաճառքի չափազանց բացասական դինամիկան։ Ամեն դեպքում, եվրագոտուց և ԱՄՆ–ից ստացված կարևորագույն նորությունների ակնկալիքով, առուվաճառքների միջակայքը հավանաբար լայն չի լինի։ Պղնձի դինամիկան նույնպես կախված կլինի ԱՄՆ–ից ստացված մակրոտնտեսական վիճակագրությունից, ինչպես նաև ամերիկյան արժույթի դինամիկայից։ Ակնկալվում է, որ տվյալ վիճակագրությունը փոքր–ինչ թույլ կգտնվի։  Եթե այդ կանխատեսումներն արդարացվեն և PMI ցուցիչի ու հուլիսին ոչ գյուղատնտեսական հատվածի նոր աշխատատեղերի քանակի տվյալներն անբարենպաստ լինեն, գունավոր մետաղների, այդ թվում պղինձի գինը կարող է նվազել։

Սակայն կարմիր մետաղի գնանշումներն էական ազդակ կստանան, եթե ամերիկյան կարգավորիչի որոշման մեկնաբանություններն ընդգծեն ԱՄՆ–ի տնտեսության բարելավումը և եթե օվկիանոսի մյուս կողմից ստացված վիճակագրությունը, չնայած կանխատեսումներին, դրական լինի։ Առաջիկա շաբաթվա ընթացքում ֆյուչերսի շուկայում պղնձի գնանշումների տատանումների ենթադրվող միջակայքն է 2,98 – 3,25 ԱՄՆ դոլար` մեկ ֆունտ պղնձի դիմաց ։

Միքայել Վերդյան, FOREX CLUB վերլուծաբան

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև