01.08.2013 14:42
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ոսկու գինը չորեքշաբթի կայացած առուվաճառքներից հետո նվազել է, երբ ԱՄՆ–ից ստացված մակրոտնտեսական տվյալները նվազեցրել են հուսալի ակտիվների նկատմամբ ներդրողների հետաքրքրությունը, վկայում են բորսայի տվյալները։
Դեկտեմբերյան ֆյուչերսների առուվաճառքի ավարտին Նյու Յորքի Comex բորսայում ոսկին էժանացել է 11,8 դոլարով կամ 0,9 տոկոսով` մեկ տրոյական ունցիայի դիմաց կազմելով 1313 դոլար։ Հուլիսի արդյունքներով թանկարժեք մետաղը թանկացել է 7,3 տոկոսով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Automatic Data Processing վերլուծական ընկերությունը տեղեկացրել է, որ ԱՄՆ–ի մասնավոր ընկերությունների աշխատատեղերի թիվը հուլիսին, հունիսի համեմատ, ավելացել է 200 հազարով` 180 հազար աճի կանխատեսման դեպքում։
Ներդրողներին ուրախացրել են նաև երկրորդ եռամսյակում ամերիկյան տնտեսության դինամիկայի վերաբերյալ տվյալները։ Ապրիլ–հունիս ամիսների արդյունքով, ըստ նախնական գնահատականի, երկրի ՀՆԱ–ի իրական աճը առաջին եռամսյակի համեմատ կազմել է 1,7 տոկոս` 1 տոկոսանոց աճի կանխատեսման դեպքում։
Եվրագոտու աշխատաշուկայի վիճակագրությունը նույնպես կանխատեսվածից դրական է եղել։ Տարածաշրջանի 17 երկրում գործազրկության մակարդակը հունիսին կազմել է 12,1 տոկոս` անփոփոխ մնալով մայիսի համեմատ։ Վերլուծաբանները սպասում էին, որ ցուցանիշը կաճի մինչև 12,2 տոկոս։
«Թվում է, թե ԱՄՆ–ից ստացված տնտեսական տվյալները, որոնք սպասվածից ավելի ուժեղ են, նվազեցրել են հուսալի ակտիվների արժեքը, օրինակ` ոսկու։ Բացի այդ, որոշ ներդրողներ իրենց դիրքերը վերանայել են ամսվա վերջին»,– MarketWatc գործակալությանը հայտնել է Atyant Capitals Global Opportunities Fund–ի գլխավոր պորտֆելային մենեջեր Վեդանտ Միմանին (Vedant Mimani)։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: