07.08.2013 15:56
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի./ԱՌԿԱ/. «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ–ն ՀՀ ԿԲ–ի կողմից ստացել է RIA MONEY TRANSFER (ԱՄՆ) վճարահաշվարկային համակարգով միջազգային դրամական փոխանցումներ իրականացնելու թույլտվություն:
Ինչպես տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից, փոխանցումներն իրականացվելու են ԱՄՆ դոլարով և եվրո արժույթներով ինչպես ԱՊՀ, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներ:
«ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ–ն արդեն իսկ իրականացնում է դրամական փոխանցումներ «MONEYGRAM», «ANELIK», «БЫСТРАЯ ПОЧТА», «UNISTREAM» , «AVERS», «INTELEXPRESS» և «COINSTAR MONEY TRANSFER» համակարգերով, ինչպես նաև առանց հաշվի բացման «ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿ-ԷՔՍՊՐԵՍ» անվանական փոխանցումներ `Ռուսաստանից դեպի Հայաստան:
2013թ.–ի առաջին կիսամյակի ընթացքում գրանցվել է ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդների տարբեր վճարային համակարգերով իրականացվող փոխանցումների ծավալի զգալի աճ: 2012թ. առաջին կիսամյակի համեմատությամբ այն աճել է 4.04 անգամ և 7,609 մլն ԱՄՆ դոլարից դարձել 30,804 մլն ԱՄՆ դոլար:
2012թ.–ի առաջին կիսամյակի համեմատ աճել է նաև համակարգերով իրականացվող փոխանցումների ընդհանուր քանակը` 2012թ. 12,485-ից 2013թ. դարձել 64,765:
«Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ. և 2007 թվականից Բանկը հանդիսանում է ռուսաստանյան խոշորագույն բանկերից մեկի` «Գազպրոմբանկ» (ԲԲԸ) դուստր ձեռնարկությունը: Առէկսիմբանկը հանդիսանում է VISA International and MasterCard միջազգային վճարային համակարգի պրինցիպալ անդամ, ինչպես նաև տեղական ArCa վճարային համակարգի անդամ: 2012 թվականի հունիսին Բանկը վավերացվել է VISA ընկերության կողմից՝ ստանալով համացանցում VISA քարտերի էքվայրինգ իրականացնելու հնարավորություն: –0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: