ՀՀ ԿԲ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ կենտրոնական բանկի նախագահի խորհրդական Իսահակ Իսահակյանին

12.08.2013 15:30
ՀՀ ԿԲ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ կենտրոնական բանկի նախագահի խորհրդական Իսահակ Իսահակյանին

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ կենտրոնական բանկի նախագահի խորհրդական Իսահակ Իսահակյանին՝  ծննդյան 80 ամյակի կապակցությամբ։

Ինչպես նշում են ԿԲ մամուլի ծառայությունից, Ջավադյանն  Իսահակյանին շնորհավորել է ՀՀ կենտրոնական բանկի ողջ անձնակազմի և իր անունից։

«Ձեր կենսագրությունը կես դարից ավելի միահյուսված է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պատմությանը. այն սկսվել է նախկին ՍՍՀՄ Պետբանկից, անցել սովետական, անցումային շրջանների, անկախացման տարիների բոլոր դժվարությունները՝ մշակելով, բյուրեղացնելով ու այսօրվա Կենտրոնական բանկին հասցնելով մարդկային ու մասնագիտական արժեքներ, որոնք իմաստուն ու վաստակած կյանքի ու աշխատանքի ձեռքբերում են: Դրանք այլևս Կենտրոնական բանկինն են ու բոլոր նրանցը, ում երբևէ Ձեր խոսքով կամ գործով ոգևորել, ուղղորդել կամ սովորեցրել եք:  Դուք Ձեր մասնակցությունն եք ունեցել ֆինանսական համակարգի բոլոր բարեփոխումներում ու պատահական չէ, որ Ձեր ստորագրությունն են կրում Անկախ Հայաստանի Դրամատան կազմավորման փաստաթղթերը, առաջին թղթադրամները, որոշումները»,– ասվում է ուղերձում:

Ըստ Ջավադյանի` Իսահակյանը եղել և մնում է կոլեկտիվում որպես բարեկրթության, օրինապահության վառ օրինակ: Մարդկանց ու նրանց խնդիրների նկատմամբ նրա կողմից ցուցաբերած առանձնահատուկ մոտեցումը վկայում են յուրօրինակ փորձի ու մարդասիրության մասին:

«Շնորհավորելով Ձեզ ծննդյան 80-ամյակի կապակցությամբ՝ մաղթում եմ քաջառողջություն, երկար տարիների կյանք, և լավն ու բարին թող միշտ լինեն Ձեր ուղեկիցը»,– եզրափակել է ԿԲ նախագահը:

Իսահակ Իսահակյանը Հայկական ԽՍՀ պետբանկի երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալն է եղել 1978-1986 թվականներին։ Անկախությունից հետո 1991 թվականին Իսահակյանը դարձավ Հայաստանի կենտրոնական բանկի առաջին նախագահը` այս պաշտոնում աշխատելով մինչև 1994 թվականը։ Նրա պաշտոնավարության օրոք թողարկվեց հայկական դրամը։ Այս պահին Իսահակյանը ԿԲ նախագահի խորհրդական է։ 2003 թվականից ՀՀ ԿԲ–ն Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակ է տրամադրում աչքի ընկած ուսանողներին։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև