Հայաստանի ԿԲ–ն 0,5 տ.կ.–ով բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը

13.08.2013 18:07
Հայաստանի ԿԲ–ն 0,5 տ.կ.–ով բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի. /ԱՌԿԱ/. 2013թ.–ի օգոստոսի 13-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով այն 8.5%, տեղեկացնում է ԿԲ մամուլի ծառայությունը:

2013թ.–ի հուլիսին, պայմանավորված առավելապես էներգակիրների սակագների բարձրացմամբ, արձանագրվել է 0.4% գնաճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1.5% գնանկման դեպքում, ինչը հանգեցրել է 12-ամսյա գնաճի բարձրացմանը՝ հուլիսի վերջին կազմելով 8.5%: ԿԲ որոշումը միտված է ներքին զարգացումների հետևանքով ձևավորված գնաճային սպասումները խարսխելուն և էներգակիրների սակագների աճի երկրորդային ազդեցությունները մեղմելուն: Բացի այդ, Խորհուրդը նաև կարևորում է դրական իրական տոկոսադրույքների պահպանումը: ԿԲ քաղաքականության արդյունքում ակնկալվում է, որ գնաճը մոտակա ամիսներին աստիճանաբար կնվազի: Գնաճի աստիճանական նվազման և տնտեսական աճի հնարավոր դանդաղման պայմաններում Խորհուրդը համապատասխանորեն կարձագանքի՝ թուլացնելով դրամավարկային պայմանները:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, խորհուրդն արձանագրել է, որ արտաքին հատվածը գտնվել է կանխատեսվածի շրջանակներում: Պահպանվել են համաշխարհային տնտեսական աճի տեմպերի դանդաղման միտումները և ինչպես հումքային, այնպես էլ պարենային ապրանքների միջազգային շուկաներում հիմնականում գրանցվել են որոշակի գնանկումային միտումներ: Այս զարգացումների ներքո, կանխատեսվող հորիզոնում արտաքին միջավայրից լրացուցիչ գնաճային ճնշումներ չեն ակնկալվում:

Խորհուրդը գնահատել է, որ ներքին տնտեսության առաջին կիսամյակի զարգացումների ներքո ձևավորվել է սպասվածից բարձր գնաճ, որին մեծապես նպաստել են երկրորդ եռամսյակում գյուղատնտեսության ճյուղի զարգացումները (կարկտահարություն և վեգետացիոն շրջանի մասնակի հետաձգում) և որոշ ծառայությունների գների աճը:

Խորհուրդը համակարծիք է, որ գնաճը աստիճանաբար նվազելով կվերադառնա նպատակային մակարդակին և կանխատեսվող հորիզոնում կպահպանվի տատանումների թույլատրելի միջակայքում:

ԿԲ–ն վերջին անգամ վերաֆինանսավորման տոկոսադրույքը փոփոխել էր 2011 թվականի սեպտեմբերի 6-ին` 8,5%–ից նվազեցնելով մինչև 8%։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև