Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը Հայաստանում էապես չի ազդի գնաճի նվազման վրա. փորձագետ

14.08.2013 15:52
Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը Հայաստանում էապես չի ազդի գնաճի նվազման վրա. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում վերաֆինանսավորման դրույքաչափի 0.5 տոկոսային կետով բարձրացումն էական ազդեցություն չի գործի գնաճի մակարդակի նվազման վրա, կարծում է «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտական գիտությունների դոկտոր Թաթուլ Մանասերյանը։

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով բարձրացնելու որոշումը ԿԲ–ն ընդունել է նախօրեին։ ԿԲ–ի հաղորդագրության համաձայն` որոշումը միտված է ներքին զարգացումների հետևանքով ձևավորված գնաճային սպասումները խարսխելուն և էներգակիրների սակագների աճի երկրորդային ազդեցությունները մեղմելուն: ԿԲ քաղաքականության արդյունքում ակնկալվում է, որ գնաճը մոտակա ամիսներին աստիճանաբար կնվազի: Գնաճի աստիճանական նվազման և տնտեսական աճի հնարավոր դանդաղման պայմաններում Խորհուրդը համապատասխանորեն կարձագանքի՝ թուլացնելով դրամավարկային պայմանները:

«Չեմ կարծում, թե վերաֆինանսավորման դրույքաչափի բարձրացումն էապես կազդի գնաճի նվազման վրա, թեև չեմ բացառում, որ որոշակի ազդեցություն կլինի»,– ասաց Մանասերյանն «ԱՌԿԱ» գործակալությանը։

Միաժամանակ, ԿԲ–ի վարած դրամավարկային քաղաքականությունը փորձագետը գնահատեց որպես արդյունավետ` միաժամանակ ընդգծելով, որ չի կարելի տնտեսության առաջընթացի և գների նվազման հույս ունենալ` հիմնվելով միայն դրամավարկային քաղաքականության վրա։

«ԿԲ–ն պատասխանատվություն է կրում գների կայունության, բայց ոչ դրանց կարգավորման համար, ինչպես երբեմն սխալմամբ նշում են որոշ փորձագետները։ Այդ կապակցությամբ ես կարծում եմ, որ ԿԲ–ի գործունեությունը կարելի է գնահատել որպես բավարար»,– նշեց նա։

Մանասերյանի խոսքով, ապրանքների և ծառայությունների գների աճը կարելի է կանխել պետական վերահսկողության հզորացման միջոցով, սակայն ներկայում պետությունն ամբողջությամբ չի օգտագործել իր հսկիչ գործառությունները։

Ընդհանուր առմամբ, ինչպես նշեց փորձագետը, վերաֆինանսավորման դրույքաչափը փոխվում է ֆինանսական շուկայի իրավիճակի փոփոխությամբ։

«Նման միտում է նկատվում տարբեր երկրների տնտեսությունների առողջացման ընթացքում, այդ թվում` Հայաստանում։ Եվ հակառակը, երբ տնտեսությունում անկում է նկատվում, ապա ցանկալի է, որ վերաֆինանսավորման դրույքաչափը նվազեցվի»,– ավելացրեց նա։

ԿԲ տվյալներով` 2013թ.–ի հուլիսին, պայմանավորված առավելապես էներգակիրների սակագների բարձրացմամբ, արձանագրվել է 0.4% գնաճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1.5% գնանկման դեպքում, ինչը հանգեցրել է 12-ամսյա գնաճի բարձրացմանը՝ հուլիսի վերջին կազմելով 8.5%:

Ազգային վիճակագրության ծառայության տվյալների համաձայն, Հայաստանում գնաճը 2013 թվականի հունվար–հունիսին, 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 4.1 տոկոս։

Պետբյուջեի համաձայն, Հայաստանում 2013 թվականի համար գնաճը ծրագրված է 4% (±1,5%) մակարդակում։

ԿԲ–ն վերջին անգամ վերաֆինանսավորման տոկոսադրույքը փոփոխել էր 2011 թվականի սեպտեմբերի 6-ին` 8,5%–ից նվազեցնելով մինչև 8%։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև