Fitch–ը Հայաստանի ՀՆԱ–ի 5–տոկոսանոց աճ է կանխատեսում 2013-2015 թթ.–ներին

20.08.2013 13:59
no photo

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Fitch Ratings միջազգային վարկանշային կազմակերպությունն ակնկալում է, որ Հայաստանի ՀՆԱ աճը 5 տոկոսի կհասնի 2013-2015 թվականներին, ինչը բարձր է գործակալության` նախորդ տարիների ցուցանիշներից, նշվում է գործակալության հաղորդագրության մեջ։

«Սպառումն ու առևտրի զուտ ծավալն իրենց ավանդն ունեն, միաժամանակ ներդրումները թույլ մակարդակում են։ Զսպող գործոն կլինեն գազի ավելի բարձր գները և ավելի դանդաղ աճը Ռուսաստանում»,– նշվում է  հաղորդագրության մեջ։

Գործակալության վերլուծաբանները նշում են, որ իրական ՀՆԱ 7.2–տոկոսանոց աճը 2012 թվականին (ավելի արագ տեմպեր, քան զարգացող տնտեսությամբ վարկանշվող եվրոպական որևէ այլ երկրում) պայմանավորված էր գյուղատնտեսության, լեռնահանքային ճյուղի և ծառայությունների հատվածի ցուցանիշներով։ Ավելի արագ աճն ապահովում էր գործարար կլիմայի բարելավման ուղղությամբ կառավարության քայլերը, թեև որակական թերությունները պահպանվում են։

Fitch Ratings–ը հաստատել է Հայաստանի էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշներն արտարժույթով և ազգային արժույթով «Կայուն» կանխատեսմամբ «BB-» մակարդակում։ Երկրի շեմի վարկանիշը հաստատվել է «BB» մակարդակում, իսկ կարճաժամկետ վարկանիշը` «B» մակարդակում։

Գործակալության փորձագետները նշում են, որ Հայաստանի վարկանիշը պահպանվում է բավականին ուժեղ մակրոտնտեսական միջավայրով և գնաճի լավ պատմությամբ` «BB» կատեգորիայի վարկանիշներով համադրելի սուվերեն էմիտենտների համեմատ։

«Միաժամանակ, սննդամթերքի աճող գները և էներգակիրների սակագների 15.1–տոկոսանոց աճը (հաշվի առնելով գազի ներկրման ավելի բարձր ծախսերը) հանգեցրել են 2013 թվականին գնաճի` մինչև 8.5 տոկոսանոց աճի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ 2014 թվականին գնաճը պետք է վերադառնա նպատակային միջակայքին (պակաս քան 5,5%)։ Հայաստանի Կենտրոնական բանկը ավելի ճկուն արժութային փոխարժեք է թույլ տալիս, թեև դոլարայնացումը մնում է 63 տոկոս բարձր մակարդակում»,– ասվում է հաղորդման մեջ։ 2013 թվականի բյուջեի համաձայն, հայկական տնտեսության աճն այս տարի ծրագրված է 6.2 տոկոսի մակարդակում։ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կառավարության առջև 2013 թվականին 7–տոկոսանոց տնտեսական աճ ապահովելու խնդիր է դրել։ Հայաստանում գնաճը 2013 թվականի բյուջեում ծրագրված է 4% (±1,5%) մակարդակում։  -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև