ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ վերանորոգված Ստեփանավանի «Էլեն» հանգստյան տանը տեղի ունեցավ ամառային ճամբարի փակումը

26.08.2013 15:26
no photo

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի. /ԱՌԿԱ/. 2013 թվականի օգոստոսի 25-ին ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ վերանորոգված Ստեփանավանի «Էլեն» հանգստյան տանը տեղի ունեցավ ամառային ճամբարի փակումը:

«Ամառային ներառական ճամբար 2013»-ի ճամբարական 3-րդ հերթափոխի երեխաներին հյուրընկալեցին հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներ` դերասանուհի և հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը, երգիչ Էրիկ Կարապետյանը, երգչուհի Սոֆի Մխեյանը, երգերի խոսքերի հեղինակ, ռադիո և հեռուստահաղորդավար Ավետ Բարսեղյանը, հումորիստներ, դերասաններ Անդոն ու Ռաֆոն:

Շոու բիզնեսի ներկայացուցիչներին ընտրել էին երեխաները, որոնք ցանկանում էին ծանոթանալ իրենց սիրելի երգիչների և դերասանների հետ: Երեխաները իրենց սիրելի դերասանների համար պատրաստել էին անակնկալ` մինի ներկայացումներ երեք խմբերի կատարմամբ:

Աստղերը երեխաների հետ զրուցեցին, ծանոթացան նրանց առօրյային` ինչով են զբաղվում ճամբարում երեխաները, ինչ պայմաններում է անցնում նրանց հանգիստը, ինչպես նաև նվերներ փոխանցեցին: Ներառական ճամբարի փակմանը ներկա էին ՎՏԲ–Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսևը, բանկի աշխատակիցներ, «Լիարժեք կյանք» ՀԿ-ի և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

ՎՏԲ – Հայաստան բանկի գլխավոր տնօրեն, Տնօրինության նախագահ Յուրի Գուսև. «Օգնությունը երեխաներին միշտ առօրեական է, իսկ սահմանափակ կարողություններով երեխաներին նյութական օգնությունը միակ անհրաժեշտը չէ. նրանք կարիք ունեն նաև հոգեբանական աջակցության և հասարակ մարդկային վերաբերմունքի: Հուսով ենք` երեխաները իրենց ամառային արձակուրդը լավ անցկացրեցին և պատրաստ են նոր ուսումնական տարվան նոր ուժերով ու ոգևորությամբ»:

«Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Մաղաքյան. «ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից «Էլեն» հանգստյան տանը իրականացված աշխատանքների շնորհիվ տարեցտարի էլ ավելի շատ երեխա է հանգստանում: Այս տարի ավարտվեց ճամբարային հանգստի սեզոնը, և մենք շնորհակալ ենք բոլոր հյուրերին, որոնք իրականացրեցին երեխաների ցանկությունները` գտան ժամանակ, եկան, ծանոթացան և շփվեցին նրանց հետ։

Չորրորդ տարին է` «Լիարժեք կյանք» բարեգործական հասարակական կազմակերպությունը նախաձեռնում է ներառական ճամբարները` հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաների համար: Ճամբարականները ՀՀ տարբեր քաղաքներից են` շուրջ 150 երեխաներ, որոնցից 98-ը` հաշմանդամություն ունեցող, մնացյալը` սոցիալապես անապահով ընտանիքներից:
Ճամբարի տարածքի վերանորոգումը հնարավոր է դարձել ՎՏԲ–Հայաստան բանկի ֆինանսական աջակցության շնորհիվ: Նորոգվել և թիթեղապատվել են տնակների տանիքները, կատարվել են ներքին հարդարման աշխատանքներ, փոխվել են հատակները, կառուցվել թեքահարթակներ: Բացի այդ, ամբողջովին վերակառուցվել և կահավորվել է սանհանգույցը՝ հարմարեցված հաշմանդամություն ունեցող երեխաների համար, ինչպես նաև բացօթյա ճաշարանը:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը; Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև