Վերլուծաբանները հայկական դրամի թուլացումը Մաքսային միությանը միանալու հանգամանքով չեն պայմանավորում. կարծիք

05.09.2013 13:52
 Վերլուծաբանները հայկական դրամի թուլացումը Մաքսային միությանը միանալու հանգամանքով չեն պայմանավորում. կարծիք

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական դրամը կշարունակի թուլանալ, կարծում է FOREX CLUB–ի վերլուծաբան Միքայել Վերդյանը` «ԱՌԿԱ» գործակալությանը մեկնաբանելով երկրի արժութային շուկայում տիրող իրավիճակը։

Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը սեպտեմբերի 4–ի արդյունքներով, սեպտեմբերի 3–ի ցուցանիշի համեմատ, աճել է 2,66  կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 410,39 դրամ։ /. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում սեպտեմբերի 4–ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական արժեքը մեկ դոլարի դիմաց 412 դրամ է կազմել:

«Մենք դրամի թուլացումը դեռ չենք կապում Մաքսային միությանը միանալու հետ, սակայն ապագայում կարծում ենք, որ դրամի թուլացումը կուժեղանա, ինչը հնարավորություն կստեղծի հայկական ապրանքներին Մաքսային միության շրջանակներում ավելի հաջող կերպով մրցել այլ երկրների ապրանքների հետ», – ասել է Վերդյանը։

Երեքշաբթի Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։

FOREX–ի վերլուծաբանի կարծիքով` դոլարի նկատմամբ հայկական դրամի փոխարժեքի անկման հիմնական պատճառը երկրի վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշվի պակասուրդն է։ «Երկրում դոլարի նկատմամբ պահանջարկը բարձր մակարդակի վրա է, և հայկական դրամն անկման կայուն միտում է գրանցում», – նշել է նա։

Նա նաև ավելացրել է, որ եթե ՀՀ ԿԲ–ն չզսպի դրամի փոխարժեքը, ապա դրամի թուլացման միտումը կշարունակվի։

«Մենք կարծում ենք, որ տարեվերջին հայկական դրամի փոխարժեքը կարող է հասնել 425–430 դրամի` ամերիկյան մեկ դոլարի դիմաց», – ասել է Վերդյանը։

Վերլուծաբանի կարծիքով` արժույթի փոխարժեքի վրա ազդում է նաև արժույթի միջազգային շուկայում տիրող իրավիճակը, որտեղ վերջին շաբաթվա ընթացքում ԱՄՆ դոլարի ուժեղացում է գրանցվել։  Այս ամենը կապված է ամերիկյան տնտեսության խթանման կրճատման սպասումների և Սիրիայում հնարավոր պատերազմի հետ։ ($1 – 410,39 դրամ)–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև