ACRA հայկական վարկային բյուրոյի բազայում շուրջ 7.7 մլն վարկերի մասին տեղեկություն կա

10.09.2013 12:17
ACRA հայկական վարկային բյուրոյի բազայում շուրջ 7.7 մլն վարկերի մասին տեղեկություն կա

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ընթացիկ տարվա հուլիսի դրությամբ ACRA հայկական վարկային բյուրոյի բազայում շուրջ 7 697 882 վարկերի, այդ թվում` գործող և մարած վարկերի մասին տեղեկություն կա, 2012 թվականի հուլիսի 6 249 743 վարկի և 2011 թվականի հուլիսի 4 967 720–ի դիմաց, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ACRA Credit Reporting վարկային բյուրոյի մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության համաձայն, ACRA բազայում 2013 թվականի հուլիսի դրությամբ նաև կա տեղեկություն 1 342 880 վարկառուների մասին` 2012 թվականի 1 294 910 վարկառուների և 2011 թվականի հուլիսի 1 158 250 վարկառուների մասին։

Ինչ վերաբերում է ACRA–ի կողմից հարցված վարկային պատմությունների քանակին, ապա ընթացիկ տարվա հուլիսի դրությամբ այդ ցուցանիշը կազմում է 142 664 հարցում` 2012 թվականի նույն ժամանակահատվածի 75 295 և 2011 թվականի 41 163 հարցումների դիմաց։

Ինչպես նշեցին մամուլի ծառայությունից, յուրաքանչյուր անձ, ով երբևէ օգտվել է բանկերի կամ վարկային կազմակերպությունների վարկավորման ծառայություններից, ինքնաբերաբար ստեղծում է իր վարկային պատմությունը:

«Շատ վարկառուներ տեղյակ են, որ պետք է հետևեն իրենց վարկային պատմությանը կամ «վարկային կենսագրության» մաքրությանը, քանի որ վատ վարկային պատմություն ունեցող հաճախորդների համար բանկերում նոր վարկ ստանալը դառնում է անհաղթահարելի խոչընդոտ, ինչպես նաև սահմանափակվում են սպառողական ապրանքների ապառիկ (տարաժամկետ վճարմամբ) ձեռքբերումը: Սակայն ոչ բոլորն են տեղյակ, թե ինչպես է պետք հետևել կամ ստուգել իրենց վարկային պատմությունը»,– նշվում է հաղորդման մեջ։

Վարկային պատմությունների բյուրոյում հավաքված են բոլոր այն տվյալները, թե որտեղից և երբ է վարկառուն վարկեր ստացել և ինչ պատասխանատվությամբ է դրանք մարել: Այնտեղ ստացվող մուտքային տվյալների հիման վրա ձևավորվում է վարկային պատմությունը:

Վարկերի «կենսագրությունը» ստանալու համար կարելի է դիմել վարկային բյուրոյին և ստանալ այն SMS-ի միջոցով կամ ստանալ առցանց եղանակով «ԱՔՌԱ» վարկային բյուրոյի կայքից (www.acra.am): «Վարկային զեկույց» ստանալու համար անհրաժեշտ է ընդամենը գրանցվել «ԱՔՌԱ» վարկային բյուրոյի կայքում: Ծառայության արժեքը կազմում է 100-ից 1800 դրամ՝ կախված վարկային զեկույցի տեսակից և ստացման եղանակից:

«Շնորհիվ «Վարկային զեկույցի» դուք կարող եք տեսնել և հասկանալ, թե ինչու Ձեզ չեն տրամադրել հերթական վարկը: Այս փաստաթղթում արտացոլված է նույն տեղեկատվությունը, որը ստանում է նաև բանկի վարկային մասնագետը Ձեր վարկային պատմությունը ստուգելիս: «Վարկային զեկույցը» հնարավորություն է տալիս վերլուծել և ժամանակին ուղղիչ գործողություններ իրականացնել Ձեր վարկային պատմությունն ուղղելու համար: Օրինակ, եթե մերժել են Ձեր վարկը գործող վարկերի մեծ քանակի պատճառով, ապա դուք այն կարող եք մարել գոնե մասամբ և նորից դիմել վարկ ստանալու համար: Նման գործողությունները ոչ միայն նվազեցնում են ձեր պարտքի գումարը, այլև ունեն դրական ազդեցություն Ձեր վարկային պատմություն վրա»,– ասվում է հաղորդման մեջ։

Բացի այդ, վարկային զեկույցի օգնությամբ հաճախորդը կարող է ստուգել իր տվյալներով՝ անունով և անձնագրային տվյալներով, իրականցված խարդախ գործարքների առկայությունը:

«Կան բազմաթիվ դեպքեր, երբ վարկառուները տեղեկացել են իրենց անունով վարկի առկայության մասին, երբ վարկի գումարը արդեն հասել է հսկայական չափերի, այն պարագայում, երբ իրենք ընդհանրապես վարկ չեն ստացել: Երբ Ձեր անունով վարկ է ձևակերպվում, այդ տեղեկատվությունը անմիջապես արտացոլվում է Ձեր վարկային զեկույցում»,– նշվում է հաղորդագրության մեջ։

Վարկային զեկույցի հաջորդ առավելությունը, ըստ հաղորդագրության,  այն է, որ հնարավորություն է տալիս արագ հայտնաբերել վարկային պատմության մեջ տեղ գտած անճշտությունները և ուղղել դրանք:

«Այսպիսով, երբ դուք ստանում եք Ձեր «Վարկային զեկույցը», դուք ստանում եք տեղեկություններ բոլոր մարված և գործող վարկերի, ինչպես նաև կատարված բոլոր վճարումների ժամկետների և գումարների վերաբերյալ և հնարավորություն եք ունենում հետևել Ձեր վարկային պատմությանը»,– նշեցին մամուլի ծառայությունից։

«ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2004 թվականին:  Հիմնական բաժնետերերն են ՀՀ կենտրոնական բանկն ու առևտրային բանկերը: -0-


Բանալի բառեր:

Partners news
Loading...

Կարդացեք նաև