ՌԴ ԿԲ–ն կրկին փոխել է արժութային միջանցքի սահմանները

12.09.2013 12:34
ՌԴ ԿԲ–ն կրկին փոխել է արժութային միջանցքի սահմանները

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի բանկը սեպտեմբերի 11–ին կրկին փոփոխել է երկարժութային զամբյուղի միջանցքը 5 կոպեկով դեպի վեր, ասվում է ՌԴ ԿԲ նյութերում։ Այդպիսով, միջանցքի սահմանները շեղվել են 32.25-39.25 ռուբլով։

5 կոպեկով օպերացիոն միջակայքի սահմանների շեղմանը հանգեցնող կուտակած ինտերվենցիաների մեծությունը մնացել է անփոփոխ` 450 մլն դոլար, հաղորդում է rbc.ru–ն։

Հիշեցնենք, որ նախորդ անգամ միջանցքի սահմանների փոփոխման մասին որոշումը (նույնպես 5 կոպեկով) ՌԴ ԿԲ–ի կողմից ընդունվել էր 2013 թվականի սեպտեմբերի 4–ին։ Ամառվա երկու վերջին ամիսներին միջանցքի սահմանները փոփոխվել են ութ անգամ, այդ թվում` օգոստոսին` վեց անգամ։ 2013 թվականի մայիսի վերջին միջանցքը սահմանափակվել էր 31.65 և 38.65 ռուբլի ցուցանիշներով։

ԿԲ–ն օգտագործում է երկարժութային զամբյուղի ռուբլու արժեքը որպես փոխարժեքի քաղաքականության օպերացիոն կողմնորոշիչ։ Դրա թույլատրելի արժեքների միջակայքը որոշվում է լողացող միջանցքով (7 ռուբլի լայնությամբ 2012 թ.–ի հունիսի 24–ից), որի սահմաններն ավտոմատ կերպով շտկվում են 5 կոպեկով` ԿԲ 450 մլն դոլարի արժութային ինտերվենցիաների կուտակված չափի հասնելու դեպքում (նպատակային ծավալից բարձր)։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Ռուսաստանի Բանկն առաջվա պես փոխարժեքի քաղաքականություն կիրականացնի` չխոչընդոտելով ռուբլու փոխարժեքի դինամիկայի միտումների ձևավորմանը ֆունդամենտալ մակրոտնտեսական գործոնների պատճառով և չսահմանելով ազգային արժույթի մակարդակի որևէ ֆիքսված սահմանափակում։

Միաժամանակ կարգավորիչը կշարունակի աստիճանաբար բարձրացնել փոխարժեքի գոյացման ճկունությունը` պահպանելով փոխարժեքի դինամիկայի նկատմամբ ազդեցության հնարավորությունը ազգային արժույթի փոխարժեքի կտրուկ տատանումների մեղմման համար։

«Ալպարի» վերլուծական դեպարտամենտի փոխտնօրեն Դարյա Ժելանովայի կարծիքով` համաշխարհային ֆինանսական շուկան սպասում է ԱՄՆ–ի` որոշ առանցքային հարցերի վերաբերյալ որոշումներին, որոնց թվում նաև` ԱՄՆ ԴՊՀ քանակային  մեղմացման ծրագրի հետագա ճակատագրի վերաբերյալ։

«Ակնկալվում է, որ որոշումը կընդունվի առաջիկա նիստին, որը կկայանա սեպտեմբերի 17-18–ին։ Շուկան պատրաստվում է թղթերի հետգնման նվազմանը 15-20 մլրդ դոլարով, ինչը ինքնին էական չէ։ Սակայն այդ դեպքում շուկային ահազանգ կլինի էժան փողերի ժամանակաշրջանի ավարտի մասին, ինչը կհանգեցնի համաշխարհային ցուցիչների և արժույթների նվազմանը, հատկապես զարգացող երկրներում։ Կտուժի նաև ռուսական ռուբլին, որը կարող է թուլանալ դոլարի նկատմամբ մինչև 33-34 ռուբլի և եվրոյի նկատմամբ մինչև 44-45 ռուբլի»,– նշում է փորձագետը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև