Կիպրոսը նախատեսում է հունվարին չեղյալ հայտարարել կապիտալի տեղաշարժման սահմանափակումները

18.09.2013 17:14
Կիպրոսը նախատեսում է հունվարին չեղյալ հայտարարել կապիտալի տեղաշարժման սահմանափակումները

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Կիպրոսի իշխանությունները նախատեսում են 2014թ.–ի հունվարին վերջնականապես չեղյալ հայտարարել կապիտալի տեղաշարժման սահմանափակումները, հայտնել է կղզի–պետության նախագահ Նիկոս Անաստասիադիսը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Երկրի կառավարությունը սահմանափակումները մտցրել էր ընթացիկ տարվա սկզբին` երկրում զարգացող ճգնաժամի կապակցությամբ, ինչի պատճառով Կիպրոսը եվրագոտու առաջին պետությունը դարձավ, որն իրականացրեց բանկային դեպոզիտների դուրսգրումը։ ԵՄ–ի և ԱՄՀ–ի կողմից ստացված 10 մլրդ եվրո վարկի փոխարեն Կիպրոսը պարտավորվեց կայունացնել իր տնտեսությունը և ֆինանսական համակարգը։

«Մեր նպատակն այժմ աճի, գործազրկության դեմ պայքարի և ֆինանսական համակարգի կայունացման համար պայմաններ ստեղծելն է։ Սահմանափակումներն աստիճանաբար չեղյալ են հայտարարվում, իսկ հարցը վերջնականապես կփակվի հունվարին»,– Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում ասել է նախագահը։ Նա կարծիք է հայտնել, որ Կիպրոսը բոլոր փոխառուների շրջանում լավագույն արդյունքները կցուցադրի միջազգային վարկատուների հետ համաձայնագրերի իրականացման հարցում։

Անաստասիադիսը նաև ընդգծել է, որ ռուսական բիզնեսը շարունակում է վստահել Կիպրոսին և չի փակում ներկայացուցչությունները։ «Կիպրոսի տնտեսությունն աջակցություն և ներդրումներ է  ստացել ռուսական կապիտալի կողմից։ Անշուշտ, Գերմանիան և ԵՄ մյուս երկրները մեր գործընկերներն ու ընկերներն են, սակայն նույնը կարող ենք ասել նաև Ռուսաստանի մասին»,– ասել է նա։

Նախորդ շաբաթ Ռուսաստանն ու Կիպրոսը համաձայնագիր ստորագրեցին 2,5 մլրդ եվրոյի չափով Կիպրոսին ռուսական վարկի վերակազմավորման մասին։ Համաձայնագիրը նախատեսում է մինչև 2018թ.–ը վարկի մարման ժամկետի երկարաձգում և 4,5–ից մինչև 2,5 տոկոս տոկոսադրույքի նվազում։

Վարկատուների կանխատեսումների համաձայն, Կիպրոսի ՀՆԱ–ն 2013–2014թթ.–ին կնվազի 13 տոկոսով։ Այդուհանդերձ, ըստ Անաստասիադիսի, նույնիսկ բյուջետային ծախսերի կրճատման պայմաններում առանց գործադուլների և բողոքի ակցիաների կիպրոսցիների հանգիստ պահվածքը լավ նշան է։ «Կարծում եմ, որ մենք կկարողանանք նախատեսածից շուտ վերադառնալ շուկաներ, ինչպես նաև տնտեսության համար հուսալի հեռանկարներ ստեղծել»,– ավելացրել է կիպրոսցի առաջնորդը։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև