Հայաստանի բյուջեի պակասուրդը 2013 թ.–ին կարող է ՀՆԱ-ի 2 տոկոսից ցածր լինել. ԱՄՀ

19.09.2013 19:11
Հայաստանի բյուջեի պակասուրդը 2013 թ.–ին կարող է ՀՆԱ-ի 2 տոկոսից ցածր լինել. ԱՄՀ

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. 2013 թ.–ին հավանական է, որ Հայաստանի բյուջեի պակասուրդը ՀՆԱ-ի 2 տոկոսից ցածր լինի՝ բյուջեով նախատեսված 2.6 տոկոսի համեմատ, նշվում է ԱՄՀ հայկական առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի հայտարարության մեջ, որն արվել է սեպտեմբերի 5–18–ը հիմնադրամի պատվիրակության Հայաստան այցի արդյունքում։

«Ակնկալվում է, որ կապահովվեն բյուջեի եկամուտների թիրախները, իսկ ծախսերը կլինեն ավելի ցածր, թեև տարվա երկրորդ կիսամյակում ելքերն ավելացել են», – նշվում է «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրված հայտարարության մեջ։

Հայաստանի համախմբված պետական բյուջեի եկամուտները 2013 թ.–ին նախատեսված են 1 տրիլիոն 32,7 մլրդ դրամի չափով, ծախսերը` 1 տրիլիոն 152,5 մլրդ դրամի չափով։ Հարկային եկամուտների և պետական տուրքերի գծով մուտքերը 2013 թ.–ին նախատեսված են 993,08 մլրդ դրամի չափով, ինչը 118,7 մլրդ դրամով ավել է 2012 թ.–ին նախատեսված ցուցանիշից։

Պակասուրդը կազմել է 119,7 մլրդ դրամ կամ ՀՆԱ–ի 2,6 տոկոսը։

ԱՄՀ առաքելությունը քննարկել է նաև 2014 թ. բյուջեի նախագիծը՝ շեշտադրելով պակասուրդը ՀՆԱ-ի 2 տոկոսից ցածր՝ պարտքի կայունացման մակարդակին մոտ պահելու անհրաժեշտությունը։ Առաքելությունը գնահատել է նաև հարկերի հավաքագրումն առավել ամրապնդելու հեռանկարները՝ լրացուցիչ կապիտալ և սոցիալական ծախսերի համար ֆինանսավորում ապահովելու նպատակով:

«Առաքելությունն ընդգծել է, որ աշխատավարձերի և կենսաթոշակների բարձրացումներն անհրաժեշտ է իրականացնել հանրային հատվածում արդյունավետության բարձրացման, հարկաբյուջետային կայունության և կապիտալ ծախսերի համարժեք ապահովմանը համահունչ, ինչպես նաև ուշադրություն դարձնել ազդեցությանը գնաճի, մասնավոր հատվածի աշխատավարձերի և գործազրկության վրա», – նշվում է հայտարարության մեջ։

Հայաստանի 2014 թ.–ի պետական բյուջեի նախնական նախագծում ծախսերը նախատեսված են 1 տրիլիոն 272 մլրդ 955 միլիոն դրամի չափով, եկամուտները`  1 տրիլիոն 145 միլիարդ 415 միլիոն դրամ։ Միաժամանակ հարկերի և պետական տուրքերի գծով բյուջեի եկամուտներն առաջարկվում է հաստատել 1 տրիլիոն 103 միլիարդ 269 միլիոն դրամի մակարդակում։ Պակասուրդը նախատեսված է 127 միլիարդ 539 միլիոն 900 հազար դրամի չափով։ Հայաստանի ՀՆԱ–ի ենթադրվող ծավալը 2014 թվականին 4 տրիլիոն 723 միլիարդ 700 միլիոն դրամ է։ ($1 – 408,74 դրամ)-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև