ԱՄՀ–ն հաստատել է, որ Ռումինիային 2,7 մլրդ դոլար փոխառություն է հատկացվելու

28.09.2013 11:37
ԱՄՀ–ն հաստատել է, որ Ռումինիային 2,7 մլրդ դոլար փոխառություն է հատկացվելու

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Արժույթի միջազգային հիմնադրամը հաստատել է Ռումինիային 2,7 մլրդ դոլարի չափով երկամյա ժամկետով փոխառության հատկացումը, գրում է РБК–ն` հղում անելով Reuters–ին։

ԵՄ ամենաաղքատ պետությունների ցուցակում երկրորդ տեղը զբաղեցրած երկիրն անհրաժեշտ հատկացում է ստանում, որը պետք է ռումինական տնտեսությունը պաշտպանի անբարենպաստ արտաքին ազդեցություններից։ Փոխառության հատկացման պայմանների համաձայն, Ռումինիան չի ծախսի հատկացված միջոցները։ Դրա փոխարեն ԱՄՀ–ի գումարները պետք է յուրօրինակ «անվտանգության բարձիկ» դառնան, որը կնպաստի երկրում բարենպաստ ներդրումային կլիմայի ստեղծմանը։

Բացի ԱՄՀ–ից, Ռումինիան մտադիր է նմանատիպ փոխառություն վերցնել Եվրամիությունից։

Ավելի վաղ Ռումինիան արդեն երկու նման համաձայնագրեր էր կնքել ԱՄՀ–ի հետ, ինչի շնորհիվ կարողացավ հավասարեցնել բյուջետային անհավասարակշռությունը և կրճատել արտաքին պարտքը, սակայն երկրի ՀՆԱ–ն առաջվա պես ցածր է մինչճգնաժամային մակարդակից, և տնտեսությունը չափազանց զգայուն է համաշխարհային շուկայի ամեն տեսակի անբարենպաստ երևույթների նկատմամբ։  «Նոր ծրագիրը քաղաքական իրավահաջորդություն կապահովի, ֆինանսական պահեստի դեր կտանի և կխթանի բարեփոխումների տեմպը,– ասված է ԱՄՀ ղեկավար փոխտնօրեն Նեմատ Շաֆրիկի հայտարարության մեջ։ –Այն նաև կօգնի Ռումինիային կրճատել արտաքին փոխառություններից կախվածությունը»։

ԱՄՀ–ն կոչ է արել Ռումինիային բանկային բարեփոխում անցկացնել, այդ թվում օգնել բանկերին ազատվել հաշվեկշռում ունեցած «չաշխատող» վարկերից և կատարելագործել աուդիտը։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև