2014 թ.–ին Հայաստանի պետբյուջեի պակասուրդը կկազմի շուրջ 110 մլրդ դրամ

28.09.2013 18:32
2014 թ.–ին Հայաստանի պետբյուջեի պակասուրդը կկազմի շուրջ 110 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. 2014 թ.–ին Հայաստանի պետբյուջեի պակասուրդը կկազմի 110,5 մլրդ դրամ, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը` շաբաթ օրը կառավարությունում ներկայացնելով հաջորդ տարվա պետբյուջեի նախագիծը։

Նրա խոսքերով` երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի նախագծի համաձայն` պետբյուջեի եկամտային մասը կկազմի 1 տրիլիոն 127 մլրդ 400 մլն դրամ, ծախսերի մասը` 1 տրիլիոն 237 մլրդ 900 մլն դրամ։

«Պետբյուջեի եկամուտները հարկերի և տուրքերի գծով կկազմեն ՀՆԱ–ի 23,1 տոկոսը, պակասուրդը` ՀՆԱ–ի 2,3 տոկոսը», – ասել է նա։

Նախարարը տեղեկացրել է, որ պետբյուջեի նախագծում ծախսերի հոդվածի շուրջ 45,6 տոկոսը սոցիալական ոլորտի ծախսերն են, շուրջ 21,1 տոկոսը պաշտպանության, հանրային կարգի ապահովման և ազգային անվտանգության ոլորտներինը, 11,7 տոկոսը նախատեսված է տնտեսության ճյուղերի զարգացմանը, 3,3 տոկոսը` մարզերի դոտացիաներին։

Սարգսյանը նաև նշել է, որ 2013 թ.–ի ցուցանիշի համեմատ 36,6 մլրդ դրամով կավելանան աշխատավարձերի գծով ծախսերը, 34,1 մլրդ դրամով` կենսաթոշակներինը, 4,8 մլրդ դրամով` սոցիալական նպաստներինը, 1,8 մլրդ դրամով` գիտության գծով ծախսերը։

Հայաստանի 2013 թ.–ի համախմբված պետբյուջեի եկամուտները նախատեսված են 1 տրիլիոն 32,7 մլրդ դրամի չափով, ծախսերը` 1 տրիլիոն 152,2 մլրդ դրամի չափով։ Հարկային եկամուտների և պետական տուրքերի գծով մուտքերը 2013 թ.–ին նախատեսված են 993,08 մլրդ դրամի չափով, ինչը 118,7 մլրդ դրամով ավել է 2012 թ.–ի նախատեսված ցուցանիշից։ Պակասուրդը կկազմի 119,7 մլրդ դրամ կամ ՀՆԱ–ի 2,6 տոկոսը  ($1 – 405,86 դրամ). -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև