Հայաստանում 28 երկրի շուրջ 50 մասնագետներ փողերի լվացման դեմ պայքարելու հարցեր են քննարկում

02.10.2013 17:56
Հայաստանում 28 երկրի շուրջ 50 մասնագետներ փողերի լվացման դեմ պայքարելու հարցեր են քննարկում

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրախորհրդի «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման ու բռնագրավման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Վարշավայի կոնվենցիայի շրջանակում` 28 երկրից շուրջ 50 մասնագետներ մասնակցում են Հայաստանում անցկացվող համաժողովին, հաղորդում է ԿԲ մամուլի ծառայությունը։

Միջոցառումն անցկացվում է հոկտեմբերի 1-4-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության` Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում նախագահության շրջանակներում, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում` Վարշավայի կոնվենցիայով նախատեսված կողմերի իրազեկության բարձրացման, ինչպես նաև այդ կոնվենցիայի գծով գնահատողների ուսուցման նպատակով։

Համաժողովին մասնակցում է Եվրոպայի խորհրդի անդամ և ոչ անդամ երկրների, այդ թվում՝ Վարշավայի կոնվենցիան ստորագրած և վավերացրած կամ այդ կոնվենցիային միանալու ցանկություն հայտնած 28 երկրի արդարադատության, դատախազության և ֆինանսական հետախուզության մարմինների 46 ներկայացուցիչ:

Վարշավայի կոնվենցիայի նպատակը փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ արդյունավետ պայքար ապահովելն է`սահմանելով կողմերի համար միասնական մոտեցումներ:

Կոնվենցիան անդրադառնում է այնպիսի հարցերի կարգավորման, ինչպիսին են նշված հանցագործությունների կանխարգելման միջոցները, քրեական հետապնդման իրականացման և բռնագրավման մեխանիզմները, ներպետական և միջազգային համագործակցության սկզբունքները:

Հայաստանի Հանրապետությունը Վարշավայի կոնվենցիան ստորագրել է 2005 թ-ին և վավերացրել 2008 թ-ին: Հայաստանի Հանրապետությունում Վարշավայի կոնվենցիայի իրագործման պատշաճության մոնիթորինգը նախատեսվում է անցկացնել 2014 թ-ին: –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև