Հայաստանը ժամանակից շուտ մարում է ռուսական կայունացնող վարկը

03.10.2013 15:12
Հայաստանը ժամանակից շուտ մարում է ռուսական կայունացնող վարկը

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի կայացած նիստի ընթացքում որոշեց եվրապարտատոմսերի թողարկումից ստացած 450 մլն դոլարն ուղարկել 500 մլն դոլար ռուսական կայունացող վարկի վաղաժամ մարմանը, որից 50 մլն դոլարն արդեն մարվել է։

Ռուսաստանը 2009 թվականի հունիսի 12–ին մեկ տրանշով Հայաստանի Կենտրոնական բանկի հաշվին է փոխանցել 500 միլիոն դոլարի կայունացնող վարկի միջոցներ, որոնք տրամադրվել են Libor պլյուս 3 տոկոս արտոնյալ տոկոսադրույքով` ճգնաժամի պայմաններում երկրի տնտեսության աջակցության համար։

Ինչպես լրագրողներին տեղեկացրեց ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, արդեն սեպտեմբերի 30–ին եվրապարտատոմսերի թողարկումից ստացած ամբողջ 700 մլն դոլարը փոխանցվել է կառավարության հաշվին։

Հայաստանը սեպտեմբերի 19–ին առաջին անգամ եվրապարտատոմսերի թողարկում է իրականացրել։ Թողարկման ծավալը 700 մլն ԱՄՆ դոլար է, մարման ժամկետը՝ 7 տարի,եկամտաբերությունը՝ 6 տոկոս: Հիմնական տեղաբաշխողներն են` Deutsche Bank AG, London Branch, HSBC Bank plc և J.P.Morgan Securities plc։

Հայաստանի կառավարությունն առաջին եվրապարտատոմսերի թողարկման հայեցակարգը հավանության էր արժանացրել այս տարվա մայիսին։ Հայկական եվրապարտատոմսերում ոչ ռեզիդենտների կողմից կատարվող ներդրումների խթանման նպատակով իրականացվել են օրենսդրական փոփոխություններ, ըստ որոնց` արտարժույթով հայկական պետական պարտատոմսերում ոչ ռեզիդենտների կողմից կատարված ներդրումներից ստացված եկամուտները կազատվեն շահութահարկից:

Ըստ Ֆինանսների նախարարության տվյալների, Հայաստանի կողմից առաջին անգամ թողարկած եվրապարտատոմսերի պահանջարկը հատել է երեք միլիարդ դոլարի սահմանը: - 0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև