Կարճաժամկետ հատվածում գնաճը աստիճանաբար կվերադառնա նպատակային մակարդակին. ԿԲ

07.10.2013 13:41
Կարճաժամկետ հատվածում գնաճը աստիճանաբար կվերադառնա նպատակային մակարդակին. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Կարճաժամկետ հատվածում գնաճը աստիճանաբար նվազելով կվերադառնա նպատակային մակարդակին և կանխատեսվող հորիզոնում կպահպանվի տատանումների թույլատրելի միջակայքում։ Այս մասին նշվում է սեպտեմբերին 24–ին տեղի ունեցած ՀՀ ԿԲ խորհրդի նիստի ժամանակ։

Ինչպես նշվում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից «ԱՌԿԱ» գործակալություն ստացված հաղորդագրության մեջ, 2013 թ. օգոստոսին Հայաստանում արձանագրվել է 0.3% գնաճ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 0.4% գնանկման դիմաց, ինչի պարագայում 12-ամսյա գնաճը սեպտեմբերի վերջին կազմել է 9.3%:

«Օգոստոսի գնաճը պայմանավորվել է գերազանցապես ծառայությունների սակագների 2.6% աճով, որի կառուցվածքում 6%-ով աճել են կոմունալ ծառայությունների սակագները՝ կապված էներգակիրների սակագների բարձրացման հետ։ Օգոստոսին բնականոն գնաճը կազմել է 0.1%, որի պարագայում 12-ամսյա ցուցանիշը ձևավորվել է 5.7% մակարդակում», – նշվում է հաղորդագրության մեջ։

ԿԲ խորհուրդը վստահություն է հայտնել այն, որ սեպտեմբերին արդեն իսկ կդիտվի գնաճի նվազում և այն կձևավորվի գործող տոկոսադրույքից ցածր մակարդակում:

Խորհուրդը համակարծիք է, որ առաջիկա ամիսներին 12-ամսյա գնաճը կնվազի՝ մոտենալով կանխատեսվող ցուցանիշին։

«Հաշվի առնելով արտաքին ու ներքին միջավայրից գնաճային ճնշումների և տնտեսական ակտիվության թուլացումը, ինչպես նաև մոտակա ամիսներին գնաճի սպասվող նվազման արդյունքում դրական իրական տոկոսադրույքների ձևավորման ակնկալիքները՝ Խորհուրդը գտնում է, որ առկա դրամավարկային պայմանները թույլ կտան հավասարակշռել գնաճային միջավայրի ընդլայնման և տնտեսական ակտիվության նվազման ռիսկերը», – նշվում է հաղորդագրության մեջ։

Գնաճի աստիճանական նվազման և ներքին պահանջարկի ցածր մակարդակի պահպանման դեպքում խորհուրդը համապատասխանորեն կարձագանքի՝ թուլացնելով դրամավարկային պայմանները:
Պետբյուջեի համաձայն` Հայաստանում գնաճը 2013 թ.–ին նախատեսված է 4 տոկոսի սահմաններում (±1,5%)։  –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև