Առաջիկա տարիները հայկական բանկերի համար կնշանավորվեն լուրջ աճով. ՀԲՄ ղեկավար

07.10.2013 14:47
Առաջիկա տարիները հայկական բանկերի համար կնշանավորվեն լուրջ աճով.  ՀԲՄ ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. 2013 և 2014 թթ.–ին Հայաստանի բանկային համակարգը վերականգնման փուլ է թևակոխում, կարծում է ՀԲՄ ղեկավար Սամվել Ճզմաչյանը։

«Ես խորապես համոզված եմ, որ առաջիկա տարիները Հայաստանի բանկային համակարգի համար կդառնան վերականգնման և լուրջ աճի ժամանակաշրջան», – ընդգծել է նա։

ՀԲՄ ղեկավարի խոսքերով` բանկային համակարգի նման զարգացմանը նպաստել են ՀՀ կառավարությունն ու Կենտրոնական բանկը, որոնք օգնել են բանկերին լուծել ֆինանսատնտեսական ճգնաժամի ժամանակ առաջացած խնդիրները։

Այս կապակցությամբ Ճզմաչյանը պարզաբանել է, որ 2008–2012 թթ.–ին հայկական բանկերին հաջողվել է վերակառուցվածքայնացնել խնդիր ունեցող վարկերի զգալի մասը, ինչը թույլ է տվել նրանց կայուն զարգացում ապահովել։

Միաժամանակ ՀԲՄ ղեկավարն ասել է, որ ժամանակավոր է համարում Հայաստանում ակտիվների եկամտաբերության մակարդակի (ROA) միջին ցուցանիշի և բանկերի եկամտաբերության կապիտալի մակարդակի (ROE) նվազման միտումը։

«Բանն այն է, որ հայկական բանկերը դատական գործընթացների ժամանակ  ստիպված էին սառեցնել խնդրահարույց վարկերի մի մասը գրավի իրացման միջոցով վնասը վերականգնելու համար։ Վարկերի մի մասը վերակառուցվածքայնացվել է։ Ես համոզված եմ, որ այս հարցերն առաջիկայում կկարգավորվեն», – եզրափակել է նա։

Հայաստանի առևտրային բանկերի ակտիվների եկամտաբերության մակարդակի (ROA) միջին ցուցանիշը 2013 թ.–ի երկրորդ եռամսյակում կազմել է 1,62 տոկոս` 2013 թ.–ի առաջին եռամսյակում գրանցված 1,39 տոկոսի դիմաց (1,71% 2012 թ.–ի երկրորդ եռամսյակում)։

Միաժամանակ  բանկային համակարգի կապիտալի եկամտաբերության մակարդակը (ROE) 2013 թ.–ի երկրորդ եռամսյակում կազմել է 9,91 տոկոս` առաջին եռամսյակում գրանցված 8,36 տոկոսի դիմաց (9, 42% 2012 թ.–ի երկրորդ եռամսյակում)։ —0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև