100–դոլարանոց նոր թղթադրամն ԱՄՆ–ում շրջանառության մեջ է դրվում եռամյա ուշացումից հետո

08.10.2013 11:26
100–դոլարանոց նոր թղթադրամն ԱՄՆ–ում շրջանառության մեջ է դրվում եռամյա ուշացումից հետո

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ–ում ավելի քան 1 միլիարդ թղթադրամների տպման ժամանակ խոտանի պատճառով եռամյա ուշացումից հետո 100 դոլար անվանական արժեքի նորացված թղթադրամն է շրջանառության մեջ դրվում։

Թղթադրամը պատրաստելիս օգտագործվել են նոր, կեղծումներից պաշտպանելու ավելի ժամանակակից տեխնոլոգիաներ։ Այսպես, թղթադրամի վրա հայտնվել է 3D-ժապավեն, 100 խոշոր թիվը և թանաքաման, որի վրա տեղադրված է գույնը փոխող «ազատության զանգը»։ Անփոփոխ է մնացել ԱՄՆ հիմնադիր այրերից մեկի` Բենջամին Ֆրանկլինի դիմանկարը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Թղթադրամները ենթադրվում էր գործարկել դեռևս 2010 թվականի փետրվարին, բայց նույն տարվա հոկտեմբերի 1–ից ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը հայտարարել էր փողերը շրջանառության մեջ դնելը հետաձգելու մասին` թարմ թղթադրամների մեկ երրորդը խոտան էր։ Տպման ժամանակ շատ դեպքերում ծալվածքներ էին առաջանում, որոնց պատճառով թղթադրամների վրա չտպված հատվածներ էին հայտնվում։

Հայտնել էին, որ 1.1 մլրդ թղթադրամների` ձեռքով տեսակավորումը կզբաղեցնի ոչ պակաս քան 20 տարի, իսկ այդ գործընթացի համար ավտոմատ սարքավորումներ գոյություն չունեն։ Մանսագետների գնահատականներով, նույնիսկ մեխանիզացման դեպքում մեկ տարի է պետք «ցորենը որոմներից առանձնացնելու» համար։

Քանի որ 100–դոլարանոց թղթադրամներն առավել տարածված են, դրանք էլ հիմնականում կեղծվում են։ Ներկայում կեղծ են համարվում ազատ շրջանառության մեջ գտնվող ամերիկյան արժույթի ընդհանուր ծավալի մոտ 0.01 տոկոսը։

Այս պահին պտտվող թղթադրամները թողարկվել են 1990–ից մինչև 1996 թվականը։ Փորձագետների գնահատականներով, դրանց երկու երրորդը շրջանառվում է ԱՄՆ–ից դուրս, իսկ Միացյալ Նահանգների սահմաններից դուրս կանխիկ դոլարի խոշոր պահողը Ռուսաստանն է։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև