«Անելիք բանկ» ՓԲԸ-ն բարելավել է «Պարզ-արագ» քարտային վարկատեսակի պայմանները

10.10.2013 12:38
«Անելիք բանկ» ՓԲԸ-ն բարելավել է «Պարզ-արագ» քարտային վարկատեսակի պայմանները

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Անելիք բանկը» բարելավել է իր «Պարզ-արագ» քարտային վարկատեսակի տրամադրման պայմանները` իջեցնելով տոկոսադրույքը և ընդլայնելով նշված վարկատեսակը տրամադրող մասնաճյուղերի ցանկը, հայտնում են բանկի մամուլի ծառայությունից։

ՀՀ դրամով «Պարզ-արագ» քարտային վարկերն այսուհետ կտրամադրվեն  մինչև 5 տարի մարման ժամկետով և մինչև 6 մլն ՀՀ դրամ առավելագույն գումարով, իսկ վարկի տարեկան տոկոսադրույքը կսահմանվի 21.8%` նախկին 23.9%-ի փոխարեն:

Արտարժույթով վարկերը կտրամադրվեն մինչև 6 տարի մարման ժամկետով և մինչև 8 մլն ՀՀ դրամին համարժեք արտարժույթով, ԱՄՆ դոլարի դեպքում` 16.8%  տարեկան տոկոսադրույքով (նախկին 18.9%-ի փոխարեն), իսկ Եվրոյի դեպքում` 15.8% տարեկան տոկոսադրույքով (նախկին 16.9%-ի փոխարեն):

«Պարզ-արագ» քարտային վարկերը տրամադրվում են ինչպես բանկի երևանյան, այնպես էլ` մարզերի բոլոր մասնաճյուղերում միայն անշարժ գույքի գրավադրմամբ` ցանկացած նպատակի համար: Վարկի տրամադրման վերաբերյալ որոշումը կայացվում է 18 ժամվա ընթացքում:

Ինչպես նշել է «Անելիք բանկ» ՓԲԸ–ի վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը, բանկի կողմից իրականացվող մարքեթինգային վերլուծությունները վկայում են, որ հիմնական խնդիրները, որոնց հետ առնչվում են հաճախորդները վարկ ստանալիս, պահանջվող փաստաթղթերի մեծ ծավալն է և վարկի տրամադրման գործընթացի երկարատևությունը:

««Անելիք բանկի» մշակած «Պարզ-արագ» վարկատեսակը տրամադրվում է շատ կարճ ժամանակահատվածում` առանց եկամուտը հաստատող փաստաթղթեր ներկայացնելու, միայն անշարժ գույքի գրավադրմամբ»,– ասել է նա։

Կարամանուկյանը նշել է նաև, որ «Անելիք բանկը» շարունակաբար դիվերսիֆիկացնելու է իր ծառայությունները, և վստահություն է հայտնել, որ շուտով յուրաքանչյուր հաճախորդ կկարողանա գտնել իր կարիքները բավարարող համապատասխան վարկատեսակ հենց «Անելիք բանկում»։

«Անելիք բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1–ին, իսկ 1996 թվականի հոկտեմբերին բանկը ստացել է ՀՀ ԿԲ թիվ 9 գլխավոր արտոնագիր։ Բանկի 100 տոկոս բաժնետերը լիբանանյան CreditBank–ն է։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև