ՎԶԵԲ–ը Հայաստանում խնայողությունների և բանկային հաշիվներ բացելու մշակույթի խթանման ծրագիր է իրականացրել

10.10.2013 13:48
ՎԶԵԲ–ը Հայաստանում խնայողությունների և բանկային հաշիվներ բացելու  մշակույթի խթանման ծրագիր է իրականացրել

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ) Հայաստանում իրականացրել է կրթական ծրագիր, որն ուղղված է Արտերկրից դրամական փոխանցումներ ստացող հաճախորդների շրջանում բանկային համակարգի նկատմամբ վստահության բարձրացմանը, ինչպես նաև բանկային հաշիվներ բացելու մշակույթի խթանմանը, հաղորդում է ՎԶԵԲ–ի մամուլի ծառայությունը։

Ծրագրի  շրջանակում, որին վերջին մեկ տարվա ընթացքում մասնակցել է ավելի քան 24 հազար մարդ, մասնակիցներին խորհրդատվություն է տրամադրվել անձնական ֆինանսների կառավարման վերաբերյալ, որի արդյունքում արձանագրվել է ֆիզիկական անձանց կողմից 10 հազար նոր բանկային հաշիվների բացում: Արդյունքում, 2012թ-ի դեկտեմբեր ամսից մինչև 2013թ-ի սեպտեմբերը խնայողությունների ծավալն աճել է  ավելի քան 4 մլն. դոլարով:

Այս նախաձեռնությանն ակտիվ մասնակցել են ՀՀ հինգ առևտրային բանկեր: Ֆինանսաբանկային համակարգում վերապատրաստված քսան ֆինանսական խորհրդատուներ անհատական ֆինանսական խորհրդատվություն են տրամադրել դրամական փոխանցումներ ստացող հաճախորդներին և նրանց օգնել ավելի լավ կառավարել անձնական ֆինանսները:

Ինչպես նշում է ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսը, Հայաստանում բազմաթիվ քաղաքացիներ դրամական փոխանցումներ են ստանում արտերկրից, սակայն նրանցից քչերն են խնայողություններ կատարում բանկերում:

«Անձնական ֆինանսների կառավարման բնագավառում այդ մարդկանց գիտելիքների զարգացումից շահում է և անհատը, և երկրի տնտեսությունը», – ասել է նա։

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը բարձր է գնահատում ՎԶԵԲ-ի կողմից իրականացվող այս նախաձեռնությունը։

«Ծրագիրը ևս մեկ անգամ ապացուցեց, որ ֆինանսական գրագիտությունը արդյունավետ գործիք է փոխելու մարդկանց ֆինանսական վարքագիծը և բարձրացնելու նրանց ֆինանսական բարեկեցության մակարդակը, բացի այդ, ՀՀ առևտրային բանկերի համար այս ծրագիրը հիանալի օրինակ է՝ ֆինանսական կրթման շրջանակում նմանատիպ միջոցառումներ կազմակերպելու տեսանկյունից», – նշել է նա։

Ծրագրերը, որոնք ֆինանսավորվում են բանկի բազմաթիվ դրամաշնորհատուների ներդրումների արդյունքում ձևավորված Վաղ անցումային երկրների հիմնադրամի կողմից իրականացվել է «Դիվելոփինգ Մարքեթ Ասոսիեյթս» գործակալության կողմից: Ծրագրերի նպատակն է նպաստել բանկային համակարգի պոտենցիալ հաճախորդների ֆինանսական իրազեկվածության բարձրացմանը, սեփական բյուջեի ճիշտ պլանավորմանն ու կառավարմանը, ինչպես նաև խնայողություն կատարելու մշակույթի ձևավորմանը:

Ընդհանուր առմամբ, նմանատիպ ծրագրեր իրականացվել են մի շարք անցումային տնտեսություն ունեցող երկրներում՝ Վրաստանում, Մոլդովայում,  Տաջիկստանում, Ղրղըզստանում և Ադրբեջանում: Ծրագրի շրջանակում շուրջ 145 հազար մարդ տեղեկատվություն է ստացել, ավելի քան 23 հազար նոր հաշիվներ են բացվել և 26 մլն դոլար է ներդրվել այս հաշիվներում։

ՎԶԵԲ-ը Հայաստանում գործունեություն է ծավալում 1993թ.-ից ի վեր և առ այսօր ներդրել է ավելի քան 656 միլիոն եվրո 120 ծրագրերում: 2012 թ.–ին ՎԶԵԲ–ը Հայաստանի հետ 94 մլն եվրոյի 15 ծրագրի համաձայնագիր է ստորագրել։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև