ԱԽՏ բորսաներն աճով են բացվել ԱՄՆ–ում պետպարտքի բանակցությունների ֆոնին

11.10.2013 10:45
ԱԽՏ բորսաներն աճով են բացվել ԱՄՆ–ում պետպարտքի բանակցությունների ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ասիական–Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակները բացել են առքուվաճառքները ցուցիչների աճով` ԱՄՆ–ում խորհրդարանական բանակցությունների ակտիվացման ֆոնին, որոնք պետք է կանխեն համաշխարհային խոշորագույն տնտեսության դեֆոլտը, վկայում են առքուվաճառքների տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Ճապոնական Nikkei 225–ն առուվաճառքի առաջին րոպեներին աճել է 1.28 տոկոսով` մինչև 14376,89 կետը։ Հարավկորեական KOSPI–ն բարձրացել է 0.94 տոկոսով` մինչև 2020.20 կետը։ S&P/ASX 200 ավստրալական ցուցիչն առքուվաճառքների առաջին րոպեներին նույնպես գտնվել է «կանաչ գոտում» և կազմում է 5223,30 կետ։

Թեև հինգշաբթի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպումը հանրապետական կոնգրեսականների հետ պետհաստատությունների ֆինանսավորման և պետպարտքի շեմի խնդիրների լուծում չի տվել, դրա մասնակիցները լավատեսություն են հայտնել իրավիճակի հետագա զարգացման վերաբերյալ։ Մասնավորապես, հանրապետական կոնգրեսական Փիթ Սեշնսը (Pete Sessions) հայտնել է Ռոյթերս գործակալությանը, որ համապատասխան պայմանավորվածություններ կարող են ձեռք բերվել արդեն ուրբաթ։

ԱՄՆ վարչակազմը կոչ է անում կոնգրեսին բարձրացնել պետպարտքի շեմը` նախազգուշացնելով, որ պարտավորությունների կատարման միջոցները կարող են գանձապետարանում վերջանալ արդեն հոկտեմբերի 17–ին։

Հանրապետականները դեմ են հանդես գալիս` պահանջելով կրճատել ծախսերը։ Երկրի Ֆինանսների նախարարության հայտարարության համաձայն` ԱՄՆ դեֆոլտը, որը կարող է տեղի ունենալ, եթե կոնգրեսը չբարձրացնի պետպարտքի շեմը, կարող է հանգեցնել տնտեսական մեծ անկման Մեծ դեպրեսիայի ժամանակներից ի վեր։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև