ՓՄՁ-ն իր գրավչությամբ առաջին տեղում է Հայաստանի բանկային համակարգում. հետազոտություն

15.10.2013 16:52
ՓՄՁ-ն իր գրավչությամբ առաջին տեղում է Հայաստանի բանկային համակարգում. հետազոտություն

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Փոքր և միջին բիզնեսն իր գրավչությամբ առաջին տեղում է Հայաստանի բանկային համակարգի վարկավորման ծրագրերում, երեքշաբթի Հայաստանի ՓՄՁ-ների վերաբերյալ հետազոտության շնորհանդեսի ժամանակ ասաց «Ամերիա» ընկերությունների խմբի զարգացման տնօրեն Տիգրան Ջրբաշյանը։

«Վերջին երկու տարվա գործընթացները միանշանակ վկայում են ՓՄՁ–ի ոլորտում առկա տեղաշարժի մասին, որը ֆինանսավորման համար ավելի հետաքրքիր է դարձել բանկերի կողմից։ Կարելի է ասել, որ ճգնաժամից հետո այդ ոլորտն իր գրավչությամբ առաջին տեղում է բանկային համակարգում», – ասել է Ջրբաշյանը։

Նրա խոսքերով` դա ևս գնահատվում է ՓՄՁ ներկայացուցիչների կողմից, ովքեր, որպես հիմնական վարկային ապրանքի սպառողներ, առաջնահերթ օգտագործվող ծառայությունների թվում նշում են վարկավորումն ու բանկային փոխանցումները։

«ԱՌԿԱ» լրատվական գործակալության տվյալների համաձայն` ՓՄՁ–ում Հայաստանի առևտրային բանկերի վարկային ներդրումները 2013 թ.–ի առաջին կիսամյակում կազմել են մոտ 340 մլրդ դրամ։

Հայաստանի գործատուների հանրապետական միության գնահատականներով` Հայաստանում ՓՄՁ վարկավորման օպտիմալ ծավալը պետք է կազմի մոտ 200 մլն դոլար։

Փոքր և միջին ձեռներեցության զարգացման հայկական ազգային կենտրոնի տվյալների համաձայն` երկրում գործում է մոտ 80 հազար ՓՄ ձեռնարկություն։ ՀՆԱ–ում ՓՄՁ–ի մասնաբաժինը, վերջին գնահատականներով, կազմում է մոտ 40 տոկոս։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության տվյալների համաձայն` 2007–2012 թթ.–ին Հայաստանում փոքր և միջին բիզնեսի խթանման նպատակով հատկացվել է մոտ 98 մլրդ դրամ։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությանն առընթեր ՓՄՁ վարկավորման հիմնադրամի կողմից 2013 թ.–ին հատկացված միջոցների ծավալը կազմում է մոտ 778 մլն դրամ։

Բացի հիմնադրամի միջոցներից, փոքր և միջին բիզնեսին աջակցելու նպատակով 2013 թ.–ին նախատեսվել է հատկացնել 6,6 մլրդ դրամ «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպության կողմից, ինչպես նաև մոտ 150 մլն դրամ` պետբյուջեից։ ($1 – 408,37 դրամ)  –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև