Անելիք Բանկի «Հարսանեկան» վարկատեսակի պայմաններն ավելի մատչելի են դարձել

15.10.2013 19:35
Անելիք Բանկի «Հարսանեկան» վարկատեսակի պայմաններն ավելի մատչելի են դարձել

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն բարելավել է «Հարսանեկան» քարտային վարկի տրամադրման պայմանները` զգալի  իջեցնելով վարկի տարեկան տոկոսադրույքը և ընդլայնելով նշված վարկատեսակը տրամադրող մասնաճյուղերի ցանկը, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից։

«Հարսանեկան» քարտային վարկերը տրամադրվում են 1-ից մինչև 5 մլն ՀՀ դրամ կամ դրան համարժեք արտարժույթով` մինչև 5 տարի մարման ժամկետով Բանկի բոլոր մասնաճյուղերի կողմից:
Ըստ նոր պայմանների` ՀՀ դրամով «Հարսանեկան» քարտային վարկերի տարեկան տոկոսադրույքը սահմանվել է 21.3%` (նախկին 23.9%-ի փոխարեն), ԱՄՆ դոլարի դեպքում` 16.3%  (նախկին 18.9%-ի փոխարեն), իսկ եվրոյի դեպքում` 15.3% (նախկին 16.9%-ի փոխարեն):

Այս տարվա մարտի 29–ին ներդրված Անելիք բանկի «Հարսանեկան» վարկատեսակը հնարավորություն է տալիս հոգալ ծախսերը հարսանիքին պատրաստվող զույգերին և տոնական միջոցառում նախատեսող անձանց։

«Գաղտնիք չէ, որ մեծ թվով վարկառուների համար դժվար է ներկայացնել բազմապիսի և բազմաթիվ փաստաթղթեր, որոնք հավաստում են իրենց վարկունակությունը, իսկ ամուսնությանը պատրաստվող զույգերն ամենաքիչը կցանկանային առնչվել նման տիպի հարցերի հետ», – նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը:

Այս կապակցությամբ նա պարզաբանել է, որ   «Հարսանեկան»  քարտային վարկերը հաճախորդներին ազատում են այս ամենից և տրամադրվում են առանց եկամուտը հաստատող և այլ փաստաթղթերի` միայն անշարժ գույքի գրավադրմամբ:

Կարամանուկյանի խոսքերով` այսուհետ բանկի մարզային մասնաճյուղերը Երևանի  մասնաճյուղերի հետ համատեղ կկարողանան տրամադրել «Հարսանեկան» քարտային վարկեր, ընդ որում, մասնաճյուղերի մեծ մասը տրամադրելու  է տվյալ վարկատեսակը ոչ միայն բազմաբնակարան շենքում բնակարան ունեցող, այլ նաև առանձնատուն ունեցող հաճախորդներին

Բացի այդ, բանկի կողմից վարկառուներին որպես նվեր տրամադրվում են նաև միջազգային 2 MasterCard Gold կամ VISA GOLD քարտեր, որոնցով հաճախորդները կկարողանան ստանալ զեղչեր Հայաստանի շուրջ 500 խանութներում և սպասարկման կետերում` ներառյալ զեղչեր հարսանյաց սրահներում, տուրիստական ընկերություններում, ռեստորաններում և այլ ժամանցի վայրերում, որոնց միջոցով Բանկի հաճախորդները կկարողանան կազմակերպել իրենց հարսանյաց միջոցառումներն առավել մատչելի և զեղչված գներով:

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1–ին, իսկ 1996 թվականի հոկտեմբերին բանկը ստացել է ՀՀ ԿԲ թիվ 9 գլխավոր արտոնագիր։ Բանկի 100 տոկոս բաժնետերը լիբանանյան CreditBank–ն է։  --0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև