Հայաստանում գրանցված գնաճը «ուտում է» բնակչության աշխատավարձն ու խնայողությունները

17.10.2013 19:37
Հայաստանում գրանցված գնաճը «ուտում է» բնակչության աշխատավարձն ու խնայողությունները

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում գրանցված բարձր գնաճն ուղղակիորեն ազդում է բնակչության աշխատավարձի աճի և կուտակած խնայողությունների վրա` նվազեցնելով դրանք։

ՀՀ ԱԱԾ տվյալների համաձայն` 2013 թ.–ի օգոստոսին 12–ամսյա գնաճի մակարդակը կազմել է 9,3 տոկոս։ Եվ չնայած ԿԲ-ն գնաճը զսպելու նպատակով վերաֆինանսավորման տոկոսադրույքը 8 տոկոսից բարձրացրել է 8,5 տոկոսի, գների աճը, որը հանգեցնում է դրամի գնողունակության նվազմանը, շարունակում է բացասաբար ազդել քաղաքացիների եկամուտների մակարդակի վրա։

Այսպես, ԱԱԾ նախնական տվյալների համաձայն` Հայաստանում 2013 թ.–ի օգոստոսին  միջին ամսական անվանական աշխատավարձը, 2012 թ.–ի օգոստոսի համեմատ, ավելացել է 5,1 տոկոսով` կազմելով 149 725 դրամ կամ 368 դոլար։ Սակայն գնաճը զրոյի է հավասարեցրել բնակչության աշխատավարձի բարձրացումը, որն իրականում 4,2 տոկոսանոց անկում է  դարձել։

Նման միտում է նկատվել ոչ միայն օգոստոսին։ Օրինակ, հուլիսին աշխատավարձի աճի տեմպը կազմել է 5,5 տոկոս, սակայն հաշվի առնելով 8,5 տոկոսանոց գնաճը` այդ ցուցանիշը, փաստորեն, վերածվել է 3 տոկոսանոց բացասական մեծության, հունիսին այն կազմել է -2,2 տոկոս (աշխատավարձի աճը` 4,3 տոկոս, գնաճը` 6,5 տոկոս), մայիսին` -4,8 տոկոս (համապատասխանաբար 0,4 և 5,2 տոկոս), մարտին` -1 տոկոս (2,4 և 3,4 տոկոս)։

Իրավիճակը մի փոքր այլ էր այս տարվա ապրիլին, փետրվարին և հունվարին. աշխատավարձի աճի ցուցանիշը, հաշվի առնելով գնաճը, դրական մեծություն ուներ, սակայն այն շատ չնչին էր։ Մասնավորապես, աշխատավարձի իրական աճն ապրիլին կազմել է 0,1 տոկոս (4 տոկոս և 3,9 տոկոս), փետրվարին` 1,1 տոկոս (4,2 և 3,1 տոկոս), հունվարին` 0,5 տոկոս (3,1 և 2,6 տոկոս)։

Բարձր գնաճը բացասաբար է ազդել նաև բնակչության խնայողությունների, մասնավորապես` բանկային ավանդների վրա` գրեթե զրոյի հավասարեցնելով միջին եկամտաբերության շեմը։

ՀՀ ԿԲ տվյալների համաձայն` դեպոզիտների միջին տոկոսադրույքն օգոստոսին կազմել է 9,3 տոկոս, մինչև մեկ տարի ժամկետով ավանդներինը` 8,4 տոկոս, մեկ տարուց ավել ժամկետով ավանդներինը` 10,2 տոկոս։ Արդյունքում, դեպոզիտների իրական միջին եկամտաբերությունը օգոստոսին, հաշվի առնելով գնաճը, տատանվում էր -0,9 տոկոսից մինչև +0,9 տոկոսի միջակայքում։

Հատկանշական է, որ անգամ այս պայմաններում բանկերին, այնուամենայնիվ, հաջողվում էր ոչ միայն գրավել բնակչության միջոցները, այլև զգալիորեն ավելացնել դրանք։ Այսպես, ԿԲ տվյալների համաձայն` այս տարվա օգոստոսին առևտրային բանկերի կողմից ներգրավված ռեզիդենտների ավանդների ծավալը, նախորդ տարվա օգոստոսի համեմատ, ավելացել է 21,6 տոկոսով` կազմելով 1 054,1 մլրդ դրամ, որից 726,4 մլրդ դրամը բաժին է հասել տնային տնտեսությունների ավանդներին (24,9 տոկոսի աճ)։

Նման իրավիճակը հիմնականում պայմանավորված է նրանով, որ այսօր Հայաստանի բնակչությունը խնայողությունների ներդրման ավելի գրավիչ այլընտրանք չունի։

Միաժամանակ փորձագետները կարծում են, որ գնաճային ճնշման ողջ ծանրությունը երկրի բնակչությունը կզգա այս տարվա վերջին ամիսներին և 2014 թ.–ի առաջին եռամսյակում, ինչը պայմանավորված է 2013 թ.–ի հուլիսից գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացմամբ։

Միաժամանակ ՀՀ ԿԲ խորհրդի անդամները համակարծիք են, որ առաջիկա ամիսների ընթացքում գնաճը կնվազի` մոտենալով կանխատեսվող ցուցանիշին։

Խորհուրդը կարծում է, որ առաջին ամիսներին գնաճի սպասվող նվազումն իրական է` հաշվի առնելով, մասնավորապես, տնտեսական ակտիվության թուլացումն ու դրական իրական տոկոսադրույքների ձևավորման ակնկալիքները։

Սեպտեմբերին տարեկան գնաճը երկրում արդեն կրճատվել է` կազմելով 8,2 տոկոս։ Պետբյուջեի համաձայն` Հայաստանում գնաճը 2013 թ.–ին նախատեսված է 4 տոկոսի սահմաններում (±1,5%)։($1-406, 38 դրամ).-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև