FATF-ն Ռուսաստանին վերահսկողության մեղմ ռեժիմ է տեղափոխել

22.10.2013 13:35
FATF-ն Ռուսաստանին վերահսկողության մեղմ ռեժիմ է տեղափոխել

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. FATF փողերի լվացման դեմ պայքարի միջազգային խումբը (Financial Action Task Force on Money Laundering) Ռուսաստանին տեղափոխել է վերահսկողության` բոլոր գոյություն ունեցող ռեժիմներից ամենամեղմ ռեժիմ` երկամյա դիտարկման ռեժիմ։ Այս մասին հայտնում է «Կոմերսանտը»` ներկայացնելով FATF լիագումար նիստի նյութերը։

Նախորդ` դիտարկման ամենամյա ռեժիմը Ռուսաստանի համար սահմանվել էր 2008 թվականի հունիսի վերջին հաշվետվությունից հետո։ Ռուսաստանից բացի, դիտարկման մեղմ ռեժիմ է տեղափոխվել նաև Նոր Զելանդիան։ «Երկու կողմերն էլ այդ պահից բավականին գործողություններ են ձեռնարկել նախորդ հաշվետվության արդյունքում բացահայտած թերությունները վերացնելու համար»,– ասվում է FATF հաղորդագրությունում։

Ռուսաստանի կողմից այդ բնագավառում ընդունած առանցքային միջոցները, ըստ կազմակերպության, շահառու սեփականատերերի հրապարակման պահանջն է, բանկի կողմից անանուն հաշիվներ բացելու և ունենալու արգելքը, փողերի լվացման կասկածանքով հաճախորդի գնահատում անցկացնելու պահանջի օրենսդրական լրացումը։

Ռուսաստանը FATF մասնակից է դարձել 2003 թվականին։ 2000-2002 թվականներին ՌԴ–ն ընդգրկված էր հանցավոր եկամուտների լվացման դեմ ոչ բավարար ակտիվ պայքարող երկրների շարքում։ 2001 թվականից Ռուսաստանում ընդունվեց փողերի լվացման դեմ պայքարի մասին օրենք (115-ФЗ), ստեղծվեց ֆինանսկան դիտարկման կոմիտե (հետագայում` Ռոսֆինմոնիտորինգ), որն ընդգրկվեց Egmont ֆինանսական հետախուզումների միջազգային խմբում։ Այս տարի Ռուսաստանն առաջին անգամ նախագահում է FATF–ում։

FATF որոշման շնորհիվ Ռուսաստանի վարկանիշը կբարձրանա, կարծում են փորձագետները։ Այժմ բանկերի միջազգային պայմանադիր կողմերը հաշվի կառնեն այդ հանգամանքը, սակայն օտարերկրացի ներդրողների հետ հարաբերություններում շահ կունենան միայն առավել թափանցիկ բանկերը, նշում են նրանք։ Բացի այդ, վարկային կազմակերպությունները հույս են կապում հաճախորդների նույնականացման ընթացակարգի դյուրացման հետ` հաշվի առնելով ամերիկյան FATCA օրենքի` ուժի մեջ մտնելը։ Սակայն  Ռոսֆինմոնիտորինգում կարծում են, որ ընդհանուր առմամբ լվացումների դեմ պահանջների ազատականացման մասին խոսելը ժամանակավրեպ է։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև