ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ–ի շահույթը 2013 թ.–ի արդյունքում կաճի 10–15 տոկոսով` հասնելով 4,5–5 մլրդ դրամի

22.10.2013 15:52
ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ–ի շահույթը 2013 թ.–ի արդյունքում կաճի 10–15 տոկոսով` հասնելով 4,5–5 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ–ի շահույթը 2013 թ.–ի արդյունքում նախատեսված է 4,5–5 մլրդ դրամի սահմաններում, ինչը 10–15 տոկոսով կգերազանցի 2012 թ.–ի նույնատիպ ցուցանիշը, լրագրողներին երեքշաբթի ասել է բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Նիկոլայ Հովհաննիսյանը։

«Ինը ամսվա արդյունքում բանկի շահույթն արդեն կազմել է 3,5 մլրդ դրամ` գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը», – նշել է Հովհաննիսյանը։

Նրա խոսքերով` նման ցուցանիշի հաջողվել է հասնել նոր հաճախորդների ներգրավման, խնդրահարույց վարկերի վերադարձելիության հարցի լուծման, մասնաճյուղային ցանցի ընդլայնման հաշվին, որը միայն 2013 թ.–ի ընթացքում համալրվել է վեց նոր մասնաճյուղով։
Միաժամանակ նա տեղեկացրել է, որ բանկի վարկային պորտֆելը 2013 թ.–ի ինը ամսվա արդյունքում կազմել է 160 մլրդ դրամ, իսկ տարեվերջին կկազմի 180 մլրդ դրամ։

«ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն (նախկինում՝ Հայաստանի Փոխօգնության Գյուղացիական Բանկ, ACBA) ստեղծվել է 1996թ. Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկն առաջատար դիրքեր է զբաղեցնում կապիտալի ծավալով և երկրորդ տեղը` ընդհանուր ակտիվների մեծությամբ։ Այս տարվա հունիսի 30–ի դրությամբ բանկը մենատնտեսների և ագրոբիզնեսի վարկավորման առաջատարն է։

Բանկի ակտիվները սեպտեմբերի 30–ի դրությամբ կազմել են 263,9 մլրդ դրամ (տարեսկզբի համեմատ 6,68 տոկոսի աճ), պարտավորությունները` մոտ 211 մլրդ դրամ (6,32 տոկոսի աճ), կապիտալը` 52,8 մլրդ դրամ (8,17 տոկոսի աճ)։ Վարկային ներդրումները կազմել են 167,5 մլրդ դրամ (5,19 տոկոսի աճ), իսկ հաճախորդների նկատմամբ պարտավորությունները կազմել են 112,4 մլրդ դրամ (22,63 տոկոսի աճ)։ Բանկի շահույթը կազմել է 3,9 մլրդ դրամ` 2012 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 30,19 տոկոսով։ (1 դոլարը 406,11 դրամ է)։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև