Հայաստանում ՀՆԱ–ի աճը առաջին կիսամյակում կազմել է 3,5 տոկոս արդյունաբերության ճյուղի ցածր աճի և շինարարության ճյուղի նվազման հետևանքով. ԿԲ

23.10.2013 14:11
Հայաստանում ՀՆԱ–ի աճը առաջին կիսամյակում կազմել է 3,5 տոկոս արդյունաբերության ճյուղի ցածր աճի և շինարարության ճյուղի նվազման հետևանքով. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. 2013 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսական աճը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է և կազմել 3.5%, ինչը պայմանավորվել է հիմնականում շինարարության ճյուղի անկմամբ և մշակող արդյունաբերության ճյուղի դանդաղ աճի տեմպերով: Այս մասին նշվում է ՀՀ ԿԲ  «2013 թ.–ի առաջին կիսամյակի ֆինանսական կայունության հաշվետվությունում»։

Ըստ հաշվետվության` կիսամյակի ընթացքում արդյունաբերության ճյուղի ավելացված արժեքի աճը կազմել է տ/տ 1.3%՝ հիմնականում պայմանավորված հանքագործական արդյունաբերության ու վերամշակող ճյուղի աճով:

Գյուղատնտեսության աճը նույն ժամանակաշրջանում կազմել է տ/տ 3.5%: Նախորդ տարվա համեմատ աճի դանդաղումը պայմանավորված է նախորդ տարի ձևավորված բարձր բազայով: Գյուղատնտեսության ճյուղի աճին նպաստել է և բուսաբուծության, և անասնապահության ենթաճյուղերի աճը:

Միաժամանակ շինարարության ճյուղի ավելացված արժեքն առաջին կիսամյակում նվազել է տ/տ 19.6%-ով, ինչը հիմնականում պայմանավորված է կազմակերպությունների հաշվին իրականացվող շինարարության ծավալների զգալի կրճատմամբ։ Բացի այդ, էապես նվազել են միջազգային վարկերի հաշվին իրականացված շինարարության ծավալները: Միաժամանակ, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել են բնակչության միջոցների հաշվին իրականացվող շինարարության ծավալները:

Ծառայությունների ոլորտի ավելացված արժեքի աճը 2013 թ.առաջին կիսամյակում կազմել է տ/տ 7.9 %` պայմանավորված առևտրի և այլ ծառայությունների ծավալների աճով:

Ըստ ԿԲ հաշվետվության` ՀՆԱ ծախսային բաղադրիչների տեսանկյունից, առաջին կիսամյակի տվյալներով, մասնավոր սպառումը տ/տ աճել է 3.4%-ով, իսկ մասնավոր ներդրումները նվազել են 13.0%-ով: Նախորդ տարվա համեմատությամμ մասնավոր սպառման դանդաղման միտումը պայմանավորվել է 2012 թ. գյուղատնտեսության ճյուղում արձանագրված մեծ աճի տնտեսական ազդեցությունների աստիճանական վերացմամբ և վարկավորման ծավալների աճի տեմպի դանդաղումով: Ներդրումների վարքագիծը պայմանավորվել է շինարարության ճյուղի զարգացումներով: Միաժամանակ պետական սպառումը ավելացել է 9.2%-ով, իսկ պետական ներդրումները նվազել են 1.9%-ով:

Վարկային շուկա

2013 թ. առաջին կիսամյակի տվյալներով՝ տարեվերջի համեմատ վարկային շուկայում արձանագրվել է 5.2% աճ: Վարկավորման աճի նվազման հիմքում, ըստ ամենայնի, վարկային շուկայի հագեցվածությունն է, և, ամենայն հավանականությամբ, բանկերը հետագայում նոր ֆինանսական գործիքների ներդրման քայլեր կձեռնարկեն:

Ինչպես նշվում է հաշվետվության մեջ, վարկային պորտֆելի աճ գրանցվել է տնտեսության բոլոր ճյուղերում, բացառությամμ արդյունաμերության, որտեղ վարկային պորտֆելը նվազել է 8.7%-ով՝ բացառապես պայմանավորված մեկ ձեռնարկության վարկի հաշվապահական ձևակերպման փոփոխմամբ։

Վարկային ներդրումների ռիսկայնության դասերի առումով՝ չաշխատող վարկերի տեսակարար կշիռն ընդհանուր վարկային պորտֆելում աճել է 2.1 տոկոսային կետով և կազմել 5.6%: Վարկային ներդրումների ճյուղային բաշխվածության տեսանկյունից՝ չաշխատող ակտիվների տեսակարար կշիռը համեմատաμար բարձր է շինարարությանը, հանրային սննդին ու սպասարկման այլ ոլորտներին և գյուղատնտեսությանը տրամադրված վարկերում:

Տնտեսական ինդեքսներ

2013 թ. առաջին եռամսյակի վերաբերյալ ՀՀ ԿԲ կողմից անցկացվող հարցումների համաձայն` բաղադրյալ տնտեսական ինդեքսներն ունեցել են զարգացման տարբեր միտումներ: Մասնավորապե, գործարար ակտիվության ցուցանիշը եռամսյակի

նկատմամբ նվազել է տ/տ 0.8%-ով, ինչը վկայում է տնտեսական

ակտիվության աճի տեմպի դանդաղման մասին, միևնույն ժամանակ բոլոր ոլորտներում պահպանվել են լավատեսական սպասումները:

Գործարար միջավայրի ցուցանիշը աճել է տ/տ 7.4%-ով: Գործարար միջավայրի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է ծառայությունների ոլորտում, ինչը 9.9 տոկոսային կետով բարձր է նախորդ եռամսյակի համեմատ:

Ըստ պետբյուջեի` Հայաստանի ՀՆԱ–ի աճը 2013 թ.–ին նախատեսված է 6,2 տոկոսի սահմաններում։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև