Հայաստանը կարող է ևս 2-3 մլրդ դոլար ներգրավել պարտքի շուկայից

24.10.2013 13:26
Հայաստանը կարող է ևս 2-3 մլրդ դոլար ներգրավել պարտքի շուկայից

Հայաստանը սեպտեմբերի 19–ին առաջին անգամ եվրապարտատոմսերի թողարկում է իրականացրել։ Հայկական եվրապարտատոմսերի թողարկման ծավալը կազմել է 700 մլն, մարման ժամկետը` 7 տարի, եկամտաբերություն` 6 տոկոս։ Որպես հիմնական տեղաբաշխողներ հանդես են եկել Bank plc–ն և J.P.Morgan Securities plc.–ն։ Հանրապետության ֆինանսների նախարարության տվյալներով, Հայաստանի առաջին դոլարային պարտատոմսերի պահանջարկն առաջին իսկ օրերին հաղթահարել է 3 մլրդ դոլարի սահմանը։ Հայկական պարտատոմսերի թողարկման կապակցությամբ «ԱՌԿԱ» գործակալությանն իր մեկնաբանություններն է ներկայացրել Ամերիաբանկի ներդրումային–բանկային գործունեության տնօրեն Առնո Մոսիկյանը։

ԱՌԿԱ– Պարոն Մոսիկյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Հայաստանի կողմից եվրապարտատոմսերի թողարկման առաջին փորձը, ինչպես նաև դրանց տեղաբաշխման պայմանները։

Ա.Մոսիկյան – Եվրապարտատոմսերի շուկա մտնելու որոշումը ճիշտ էր, և մենք հույս ունենք, որ արտաքին ներգրավված ֆինանսավորման շուկայական պայմանները պետական ֆինանսների և պարտքի կառավարման արդյունավետության բարձրացման գրավական կդառնան։

Տեղաբաշխողների թիմը բավականին ներկայացուցչական էր։ Մեր երկիրը ներդրողների առջև ներկայացնող թիմը Նյու Յորքի, Լոս Անջելեսի և Լոնդոնի ռոուդ–շոուի ժամանակ` նույնպես, հետևաբար, նախագծի կատարողական մասը լավ մակարդակով էր կազմակերպված։

Ամերիաբանկն անընդհատ հետևում էր եվրապարտատոմսերի զարգացմանը տրանզակցիայի նախապատրաստական փուլից մինչև վերջ։ JP Morgan–ի, այլ ներդրումային բանկերի մեր ընկերներն ու գործընկերները, ինչպես նաև ռոուդ–շոուին մասնակցող ներդրողները բավականին լավ կարծիքի էին մեր երկիրը ռոուդ–շոուի ժամանակ ներդրողներին ներկայացնող թիմի մասին։ Մեր գործընկերներից մեկի` Նյու Յորքում ռոուդ շոուին մասնակցած, ակտիվների հայտնի ինստիտուցիոնալ կառավարչի խոսքով, Հայաստանի ֆինանսների նախարարության և Կենտրոնական բանկի թիմը կարողացել է պատասխանել այն բոլոր սուր հարցերին, որ տրվում էին ներդրողների կողմից։

Սակայն մեր կարծիքով արժեթղթերի եկամտաբերության վրա բացասական են ազդել երկու գործոններ` որոշ աշխարհաքաղաքական զարգացումներ, որոնք տեղեկատվական առումով լավ չէին ծրագրված։ Մենք կարծում ենք, որ կարելի էր տնտեսել մեկ տասնյակ բազային կետեր ավելի արդյունավետ մեդիածրագրման և անդերայթերների սինդիկատի ընտրության/թողարկման մենեջերների ավելի թափանցիկ գործընթացի դեպքում։

Ինչ վերաբերում է ծավալին և ժամկետներին, ապա դրանք եկամտաբերության դրույքաչափի արդյունք են։ Պետք է ավելացնել, որ Հայաստանի սուվերեն եվրապարտատոմսերի անդրանիկ թողարկման բաժանորդագրումների ծավալը ցույց է տվել, որ ներդրողները շահագրգռված են մեր պարտատոմսերով, և երկիրը ևս 2-3 մլրդ դոլար կարող է ներգրավել այդ շուկայից։

«ԱՌԿԱ» – Ի՞նչ ազդեցություն կունենա եվրապարտատոմսերի թողարկումը հայկական ֆոնդային և ֆինանսական շուկաների, և, ընդհանուր առմամբ, տնտեսության վրա։

Ա.Մոսիկյան – Հայաստանի ֆոնդային շուկայի վրա ազդեցությունը դժվար է գնահատել, քանի որ ինքը շուկան սաղմնային փուլում է, և մենք սերտ կապ չենք տեսնում սուվերեն եվրաբոնդերի թողարկման և մեր ֆոնդային շուկայի միջև։ Բայց կան անուղղակի գործոններ, որոնք կարող են ազդել Հայաստանի ֆոնդային շուկայի վրա։ Այդ պարտատոմսերի թողարկման փաստը և «Հայաստան» խոսքի հայտնվելը փոխառության կապիտալի միջազգային շուկայում կարող է բարձրացնել միջազգային ֆինանսական հանրության իրազեկվածությունը, և հավանականություն կա, որ ներդրողները երբեմն կամ ավելի հաճախ, քան մինչ օրս, «մեզ մոտ կմտնեն» հնարավոր այլ ներդրումների համար։

Ինչ վերաբերում է ֆինանսական հատվածին, ապա այստեղ ազդեցությունը բավականին շոշափելի է։ Եվրապարտատոմսեր թողարկելով` պետությունը «նշել և անցկացրել է» կորպորատիվ այն բոլոր էմիտենտների ներքին շեմը, ներառյալ բանկերն ու վարկային կազմակերպությունները, որոնք պարտքային ռեսուրսներ են ներգրավում փոխառության կապիտալի միջազգային շուկաներից։ Հետևաբար այդ արժեթղթերի ներկայիս և հետագա եկամտաբերության մակարդակից կախված կլինի բանկերի համար ներգրաված վարկերի նվազագույն շեմը։ Որքան ցածր լինի Հայաստանի սուվերեն պարտատոմսերի եկամտաբերությունը, այնքան ավելի ցածր դրույքաչափերով բանկերը կկարողանան փողեր ներգրավել և, հետևաբար, տնտեսությունն ավելի ցածր տոկոսներով վարկավորել։

Ինչ վերաբերում է տնտեսության վրա ընդհանուր ազդեցությանը, ապա մեր ամբողջ հույսն այն է, որ պետության կողմից ներգրավված ֆինանսները կներդրվեն կամ կօգտագործվեն արդյունավետ, այն տրամաբանության համաձայն, որն օգնում է զարգացած երկրներին արդեն ավելի քան 300 տարի։ Այսինքն, վարկային ռեսուրսները պետք է ներդրվեն միայն այն նախագծերում, որոնք ունեն ավելի մեծ եկամտաբերություն, քան հենց վարկի տոկոսները։ Իսկ եթե փողերը ներդրվեն այնպիսի նախագծերում, ինչպես մայրաքաղաքի փողոցների ասֆալտապատումը, ապա մենք ինքներս մեզ այնպիսի պարտքի փոսը կգցենք, որից միայն մեկն է ելքը` դեֆոլտ և  ինքնիշխանության կորուստ։

Պետք է հաշվի առնել, որ 2014–2017 թվականները բավականին ծանր կլինեն Հայաստանի համար, քանի որ արտաքին պարտքի ամենամեծ վճարումները հենց այդ տարիներին են բաժին ընկնում։ Այդ իսկ պատճառով ներգրավված ռեսուրսների գրագետ օգտագործումը կօգնի մեզ թեթևացնել ֆինանսական ռեսուրսների այդ մեծ ծավալի արտահոսքը, ապահովել տնտեսության ավելացված արժեքի բազմապատկվող ազդեցությունը և իրական ՀՆԱ աճը։

«ԱՌԿԱ» – Արդյո՞ք հայկական եվրաբոնդերը գրավիչ և մրցակցային կլինեն միջազգային շուկաներում։

Ա.Մոսիկյան – Մեր երկրի դեբյուտը կարևոր քայլ էր դեպի պրակտիկա և պետական ֆինանսների ամբողջ համակարգի կառավարման զարգացում։ Մինչ օրս Հայաստանը «շփվել է» միջազգային ֆինանսական այնպիսի ինստիտուտների հետ, որոնք ունեն իրենց անդամ–ինքնիշխան պետությունների զարգացման մանդատ, և վարկեր են տրամադրել սուբսիդավորված և ոչ շուկայական պայմաններով։

Իսկ այժմ մեր առջև Ուոլ Սթրիտի և Սիթիի ներդրողներն են, որոնք զուտ առևտրային շահեր ունեն, և որոնք պակաս էմոցիոնալ են էմիտենտի նկատմամբ։ Այդպիսի ներդրողների հիմնական կողմնորոշիչները, առնվազն, մինչև պարտատոմսերի մարումն էմիտենտի չնվազող վարկային ռիսկն է (հետևաբար, նաև վարկային վարկանիշը), պետական ֆինանսների կառավարման արդյունավետ համակարգը, հասկանալի բյուջետային քաղաքականությունը, ինչպես նաև պարտատոմսերի լիկվիդային, խորը և լայն երկրորդային շուկան։

Չնայած մեր կառավարության կողմից կատարած հսկայական աշխատանքին` շատ անելու բան կա այս և հետագա սուվերեն թողարկումների որակական ցուցանիշների բարձրացման ուղղությամբ, որոնք արդյունքում կբարձրացնեն ներդրողների շրջանում այդ բոլոր գործիքների գրավչությունը։

Մենք, մասնավորապես, ակնկալում ենք, որ պետք է այլ թողարկումներ էլ լինեն եկամտաբերության ամբողջական կորի կառուցման համար, թեև 10–ամյա ժամանակահատվածի կետը, զարգացնել հարաբերությունները վարկանիշային գործակալությունների և, մասնավորապես, այս պահին բացակայող վարկային սուվերեն վարկանիշի ստացումը «Ստանդարտ և Փուրզ»–ից, պետք է պարբերաբար ռոուդ շոուներ և հանդիպումներ անցկացնել ներդրողների հետ փոխառության կապիտալի միջազգային շուկայի կարևոր և հիմնական միջոցառումների ժամանակ։

Բացի այդ, պետք է փորձել մեր պարտատոմսերն ընդգրկել զարգացնող երկրների կողմնորոշում ունեցող հայտնի պարտատոմսային ցուցիչներում, օրինակ, J.P.Morgan Emerging Markets Bond Index Global (“EMBI Global”), ստեղծել պարտատոմսերի լիկվիդային, խորը և լայն երկրորդային շուկա, ինչպես նաև փորձել ազատվել «Քարդաշյան պարտատոմսեր» անվանումից։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև