Հայաստանում KfW ֆինանսավորման ծավալը ողջ ժամանակահատվածում գերազանցել է 0.5 մլրդ եվրոն

24.10.2013 15:03
Հայաստանում KfW ֆինանսավորման ծավալը ողջ ժամանակահատվածում գերազանցել է 0.5 մլրդ եվրոն

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/.  Հայաստանում KfW ֆինանսավորման ծավալը ողջ ժամանակահատվածում գերազանցել է 0.5 մլրդ եվրոն, հինգշաբթի լրագրողներին ասաց Գերմանական զարգացման բանկի` KfW-ի տարածաշրջանային տնօրեն Լարս Օերմանը։

«Մենք ակտիվ կերպով աշխատում ենք Հայաստանում և կարծում ենք, որ պետության և մասնավոր հատվածի հետ համագործակցությունը արգասաբեր է և արդյունավետ»,– ասաց նա։

Օերմանն ընդգծեց նաև, որ Հայաստանում ծրագրերի իրագործումն իրականացվում է պայմանավորվածություններին համապատասխան և բավականին օպերատիվ ժամկետներում։

Նրա խոսքով, բանկն արդեն երկար ժամանակ է աշխատում տարածաշրջանում` կարևորելով Հարավային Կովկասը և, մասնավորապես, Հայաստանը, քանի որ այստեղ իրագործվող ծրագրերն ուղղված են ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը, հատկապես, ջրամատակարարման, էներգետիկայի և ֆինանսական ոլորտներում, որոնք իրականացվում են ԿԲ–ի և երկրի առևտրային բանկերի համագործակցությամբ։

Օերմանը նշեց նաև, որ այժմ բանկի գործունեության հնարավոր ընդլայնման շուրջ բանակցություններ են անցկացնում հայ գործընկերների հետ, բանակցությունների արդյունքը հայտնի կդառնա 2014 թվականի հունվարին։ «Անկասկած կարելի է ասել, որ թեպետ ֆինանսավորման ծավալները դեռ չեն հաստատվել, այնուհանդերձ մենք ակտիվ կլինենք նաև 2014 թվականին»,– ասաց KfW տարածաշրջանային տնօրենը։

Գերմանական KfW բանկը Հայաստանին աջակցում է 1995թ.-ից ֆինանսական համագործակցության շրջանակներում ծրագրերի իրականացման հարցում, իսկ դրա ներկայացուցչությունը հանրապետությունում գործում է 1998թ.-ի հոկտեմբերից: Հայաստանում բանկի գործունեության հիմնական ոլորտներն են էներգետիկան, խմելու ջրի հատվածը և կոյուղին, ինչպես նաև ֆինանսաբանկային համակարգի և մասնավոր հատվածի զարգացումը: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև