ԴՊՀ–ն դրույքաչափը պահել է ռեկորդային ցածր մակարդակում

31.10.2013 11:08
ԴՊՀ–ն դրույքաչափը պահել է ռեկորդային ցածր մակարդակում

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ դաշնային պահուստային համակարգը որոշում է ընդունել, որի համաձայն դրույքաչափերի միջակայքը պահպանվում է ռեկորդային 0-0.25% մակարդակում, իսկ պարտատոմսերի գնման ամսական ծավալը` 85 մլրդ դոլարի մակարդակում։ Այս մասին ասվում է ԴՊՀ հրապարակած հաղորդագրության մեջ։

ԴՊՀ–ն նշում է, որ ԱՄՆ–ում տնտեսական տեմպերի աստիճանական աճ կա` ընդգծելով, որ եթե առկա միտումը շարունակվի, կոմիտեն կարող է դիտարկել պարտատոմսերի գնման ծավալների կրճատման հնարավորությունը, հայտնում է РБК–ն։

Միաժամանակ նշվում է, որ տնտեսության վրա որոշակի բացասական ազդեցություն է ունեցել ամսվա սկզբին գրանցված կառավարական ճգնաժամը, երբ բյուջեի շուրջ ծագած տարաձայնությունների պատճառով դադարեցվել էր կառավարության աշխատանքը, և 16 օր շարունակ փակվել էին դաշնային բյուջետային հաստատությունների մեծ մասը։

ԴՊՀ–ն խոստացել է դրույքաչափը պահպանել 0-0,25% միջակայքում, քանի դեռ գործազրկության մակարդակը 6,5%–ից բարձր է, իսկ գնաճը չի սպասվում, որ 2,5%–ից բարձր կլինի։

Ամերիկյան կարգավորիչը շարունակում է «քանակական մեղմացման» քաղաքականությունը, որը ենթադրում է, որ հաշվառման տոկոսադրույքը 0-0.25 տոկոսի մակարդակում կպահպանվի և արժեթղթերի շուկայում լայնածավալ ինտերվենցիաները կկազմեն ամսական 85 մլրդ դոլար։ Դրանից 45 մլրդ դոլարը  բաժին է ընկնում դաշնային գանձապետարանի երկարաժամկետ պարտքային պարտավորություններին, 40 մլրդ դոլարը` հիփոթեքային արժեթղթերի հետգնմանը։

Հիշեցնենք, որ առաջիկայում փոփոխություն կլինի ԴՊՀ ղեկավար կազմում։ Բեն Բերնանկեին կհաջորդի ԴՊՀ կառավարիչների խորհրդի նախագահի տեղակալ Ջանեթ Յելենը։ Ավելի վաղ այս պաշտոնի հիմնական հավակնորդն էր համարվում Լոուրենս Սամերսը, սակայն նա հրաժարվեց մասնակցել ընտրություններին։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև