S&P Dow Jones-ը Հունաստանին ջնջել է զարգացած երկրների ցուցակից

01.11.2013 12:40
S&P Dow Jones-ը Հունաստանին ջնջել է զարգացած երկրների ցուցակից

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. S&P Dow Jones Indices վերլուծական գործակալությունը Հունաստանին զարգացող շուկայի կարգավիճակ է շնորհել, ասվում է ամերիկյան ընկերության պաշտոնական հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ հունական շուկան զարգացած էր համարվում, գրում է РБК–ն։

Մեկնաբանելով նման որոշման պատճառները` գործակալության փորձագետները մի քանի գործոններ են առանձնացնում։ Նախևառաջ, Հունաստանի ֆոնդային շուկան էապես հետ է մնում զարգացած երկրների շուկաներից։ Երկրորդ, վերջին մի քանի տարիներին հունական շուկան բավականին փոքրացել է։ Բացի այդ, Հունաստանի վարկային վարկանիշը, որը В- մակարդակում է, ինչը չի համապատասխանում զարգացած երկրների չափանիշներին (դրանց նվազագույն մակարդակը` ВВ+–ն է)։

S&P Dow Jones Indices–ի վերլուծաբանները ներդրողների ուշադրությունը հրավիրում են շուկայի հասանելիության ցածր ցուցանիշի վրա։

Նշենք, որ 2013 թվականի հունիսին Հունաստանի նկատմամբ նմանատիպ գործողություններ էր ձեռնարկել վերլուծական մեկ այլ գործակալություն` MSCI–ն, որը երկիրը տեղափոխել էր զարգացողների ցուցակ։ Վերլուծաբաններն այն ժամանակ նշել էին, որ Հունաստանը դադարել է համապատասխանել հասանելի շուկայի չափանիշներին։

Հունաստանի տնտեսությունը վեցերորդ տարին է, ինչ ռեցեսիա է ապրում։ Այդ ընթացքում այն ընդհանուր առմամբ կրճատվել է 20 տոկոսով։ 2010 թվականի մայիսից Հունաստանի միջազգային վարկատուները` եվրագոտու երկրները և Արժույթի միջազգային հիմնադրամը, Աթենքի համար 240 մլրդ եվրո ընդհանուր գումար վարկային երկու գիծ են բացել։ Փոխարենը Հունաստանը պարտավորվել է պետական ծախսերի մասշտաբային կրճատում անցկացնել և բարեփոխել տնտեսությունը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև