Հայաստանի ընդհանուր պետական պարտքը սեպտեմբերի վերջին կազմել է շուրջ 5 մլրդ դոլար` մեկ ամսում ավելանալով 16,3%–ով

04.11.2013 14:21
Հայաստանի ընդհանուր պետական պարտքը սեպտեմբերի վերջին կազմել է շուրջ 5 մլրդ դոլար` մեկ ամսում ավելանալով 16,3%–ով

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի համախառն պետական պարտքը 2013թ.–ի հոկտեմբերի 1–ի դրությամբ կազմել է 5 029,8 մլն դոլար` մեկ ամսում ավելանալով 16,3 տոկոսով կամ 706,8 մլն դոլարով, հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը։

Միաժամանակ Հայաստանի պետական պարտքը տարեսկզբի համեմատ աճել է 15 տոկոսով կամ 657,8 մլն դոլարով։

Ըստ ԱՎԾ տվյալների` հանրապետության արտաքին պետական պարտքը հաշվետու ամսում աճեց 19 տոկոսով կամ 694,4 մլն դոլարով` սեպտեմբերի վերջին կազմելով 4341,25 մլն դոլար  (տարեսկզբի համեմատ աճը` 16,1%)։

Արտաքին պարտքի շուրջ 3 786,4 մլն դոլարը բաժին է հասնում ՀՀ կառավարության պարտքին, որը մեկ ամսում ավելացել է 23,6 տոկոսով կամ 722,6 մլն դոլարով  (տարեսկզբի համեմատ աճը` 20,4%)։
Ընթացիկ տարվա սեպտեմբերի 19–ին Հայաստանն առաջին անգամ եվրապարտատոմսերի թողարկում իրականացրեց 700 մլն դոլար ծավալով, 7 տարի մարման ժամկետով և 6 տոկոս եկամտաբերությամբ։

Միաժամանակ հանրապետության արտաքին պետական պարտքի կառուցվածքում շուրջ 554,9 մլն դոլարը բաժին է հասնում ՀՀ ԿԲ պարտքին։  Տվյալ ցուցանիշը մեկ ամսում կրճատվել է 4,8 տոկոսով կամ 28,3 մլն դոլարով (տարեսկզբի համեմատ անկումը` 6,7%)։

Սեպտեմբերի վերջին ներքին պարտքը կազմել է 688,6 մլն դոլար` օգոստոսի համեմատ ավելանալով  1,8 տոկոսով կամ 12,4 մլն դոլարով (տարեսկզբի համեմատ աճը` 8,8%)։ Միաժամանակ շուրջ 676 մլն դոլարը բաժին է հասնում ռեզիդենտների կողմից ձեռք բերված պարտատոմսերին, 10 մլն դոլարը` ռեզիդենտների առևտրային վարկերին և 2,56 մլն դոլարը` ներքին երաշխիքներին։

Հայաստանի պետական պարտքի ավելացմամբ աճել է նաև հանրապետության քաղաքացիների պարտքային ծանրաբեռնվածությունը։ Այսպես, բնակչության մեկ շնչին բաժին հասնող պետական պարտքը 2013թ.–ի հոկտեմբերի 1–ի դրությամբ կազմել է 1667,2 դոլար` տարեսկզբի համեմատ ավելանալով 15,4 տոկոսով կամ 222,7 դոլարով։ Ընդ որում մեկ ամսում քաղաքացիների պարտքային ծանրաբեռնվածությունը աճել է 19,2 տոկոսով կամ 269 դոլարով։

ՀՀ քաղաքացիների պարտքային ծանրաբեռնվածության ավելացմանը, բացի երկրի պետական պարտքի աճից, նաև նպաստեց բնակչության միգրացիան։  Այսպես, 2013թ.–ի հոկտեմբերի 1–ի դրությամբ, Հայաստանի մշտական բնակչության թիվը կազմել է 3 017 հազար մարդ` տարեսկզբի համեմատ կրճատվելով 10 հազարով։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև