ՀԲ–ն դիտարկել է Հայաստանի հետ 2014-2017 թթ.–ներին 843 մլն դոլարի համագործակցության ռազմավարությունը

08.11.2013 16:15
ՀԲ–ն դիտարկել է Հայաստանի հետ 2014-2017 թթ.–ներին 843 մլն դոլարի համագործակցության ռազմավարությունը

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը նախօրեին դիտարկել է Հայաստանի հետ 2014-2017 թվականների համագործակցության ռազմավարությունը, որն իրենից ներկայացնում է երկրի Համաշխարհային բանկի կողմից տրվող օժանդակությունը սահմանող շրջանակային փաստաթուղթ, հայտնում է ՀԲ մամուլի ծառայությունը։

«Հաջորդ չորս տարիների համար առաջարկվում է $843 մլն-ի ֆինանսական օժանդակություն՝ Միջազգային զարգացման ընկերակցության (ՄԶԸ), Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ/IFC) ֆինանսական միջոցների հասանելիության ապահովմամբ»,– նշվում է հաղորդագրության մեջ։

Փաստաթուղթը հիմնված է մինչև 2025թ. Հայաստանի զարգացման ռազմավարության վրա` Համաշխարհային բանկի արձագանքի առանցքային գործոնը դարձնելով մասնավոր հատվածի կողմից աշխատատեղերի ստեղծումը։

Այն նաև շեշտադրում է ավելի քան մեկ միլիոն կազմող գյուղական բնակչության կենսապահովման միջոց հանդիսացող գյուղատնտեսական ոլորտում աշխատանքի արտադրողականության բարելավումը, որը կարող է հանգեցնել ավելի մեծ տնտեսական աճի, ընդհանուր բարեկեցության և աղքատության ավելի արագ նվազեցման թե գյուղական, թե քաղաքային բնակավայրերում:

Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալիի խոսքերով` Հայաստանի գործընկերության ռազմավարությունը նպատակ ունի աջակցել մասնավոր հատվածում աշխատատեղերի ստեղծմանը միտված Հայաստանի զարգացումը ամրապնդող մոտեցում։

«Այն նպատակ ունի հզորացնել Հայաստանի զարգացումը տնտեսության մրցունակության խթանման միջոցով, ինչը հնարավոր է աշխատատեղերի ստեղծմանն աջակցող առանցքային բարեփոխումների իրականացմամբ՝ ապահովելով առավել արդյունավետ ու արդարացի սոցիալական ծառայությունների մատուցում», – ասել է նա։

Ռազմավարության ներքո Հայաստանին աջակցություն կցուցաբերվի մրցունակության ու աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ՝ բիզնես վարելու դյուրինացման, արտահանման ու տուրիզմի խթանման և փոքր ու միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) համար ֆինանսավորման հասանելիության բարելավման միջոցով։ Ռազմավարության համաձայն` օժանդակություն կցուցավերվի սոցիալական ծառայությունների մատուցման արդյունավետության ու արդարացիության բարելավմանը՝ նպատակ ունենալով դարձնել հասանելի բոլորի համար որակյալ առողջապահական, կրթական ծառայություններ։

Բացի այդ` օժանդակություն կցուցաբերվի կառավարման ու հանրային ծառայությունների ոլորտում ձեռնարկվող հակակոռուպցիոն միջոցառումների բարելավմանը: Ռազմավարությունը կօգնի վերանայել գոյություն ունեցող հակակոռուպցիոն միջոցները, բարելավել հանրային վարչարարման արդյունավետությունը և խորացնել պետական ֆինանսների կառավարման բարեփոխումները:

«Համաշխարահային բանկի խմբի աջակցությամբ ուշադրության կենտրոնում պահելով աշխատատեղերի հարցը` մենք նպատակ ունենք խթանել եկամտի աճը, ներառյալ կանանց և երիտասարդների շրջանում, միևնույն ժամանակ` ծայրահեղ աղքատների համար բարելավելով հիմնական սոցիալական ծառայությունների ծածկույթը և եկամտային բաշխման սանդղակի ստորին հատվածում հայտնված բնակչության 40%-ի համար բարձրացնելով այդ ծառայությունների հասանելիությունը»,- ասել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ՀԲ խմբի անդամ հանդիսացող ՄՖԿ–ն կշարունակի աջակցել իրական հատվածին` ներդրումներ կատարելով այնպիսի ճյուղերում, ինչպիսիք են լեռնահանքային արդյունաբերությունն ու ագրոբիզնեսը։ ՄՖԿ–ն նաև կընդլայնի խորհրդատվական ծառայությունների տրամադրումը ներդրումային միջավայրի զարգացման նպատակով, մասնավորապես` ագրոբիզնեսում ներդրումների համար շուկայի զարգացման, ֆինանսական հատվածի ամրապնդման ուղղությամբ և վերականգնվող էներգետիկայի ոլորտում։

Ինչպես նշել է ՄՖԿ–ի Կովկասի տարածաշրջանային կառավարիչ Թոմաս Լյուբեկը,  մասնավոր հատվածը տնտեսության զարգացման կարևորագույն գործոնն է։ «ՄՖԿ–ն, որն ուշադրության կենտրոնում է պահում մասնավոր հատվածի զարգացումը, մտադիր է աջակցել ձեռներեցներին աշխատատեղերի ստեղծման հարցում և օգնել Հայաստանին կայուն տնտեսական աճի ապահովման հարցում։ Մենք կշարունակենք ներդրումային հնարավորությունների որոնումն ու խորհրդատվություն կտրամադրենք այնտեղ, որտեղ դրա անհրաժեշտությունն առավել սուր է», – ասել է նա։

1992-ից ի վեր, այսինքն` Համաշխարհային բանկին Հայաստանի անդամակցության պահից մինչ օրս, տարբեր ծրագրերի համար հատկացվել է $1,746 մլրդ: Ներկայում ՀԲ-ի պորտֆելում կա 14 ակտիվ ծրագիր, որոնց ընդհանուր գումարային արժեքը կազմում է $445,4 մլն: Ծրագրերը ներառում են հինգ ներդրումային վարկավորման ծրագիր ենթակառուցվածքների ոլորտում, չորսը՝ սոցիալական ոլորտներում, երեքը՝ հանրային հատվածում, երկուսը՝ տեղեկատվական ու կապի տեխնոլոգիաների և գյուղատնտեսության ոլորտներում:

1995 թ.–ին Հայաստանը դարձել է ՄՖԿ–ի բաժնետեր և անդամ, իսկ կորպորացիայի ներդրումները  երկրում կազմում են 271,5 մլն դոլար, որոնք ուղղված են տարբեր ճյուղերում 44 ծրագրերի իրականացմանը, մասնավորապես, ֆինանսական հատվածում, ինչպես նաև արտադրական և լեռնահանքային ոլորտներում։ ՄՖԿ–ն նաև կենտրոնացրել է մոտ 9 մլն դոլարի ներդրումներ այլ կառույցների կողմից։ ՄՖԿ–ն խորհրդատվական ծառայություններ է մատուցում ֆինանսական հատվածի ծրագրերի միջոցով կայուն էներգիայի, կարգավորող դաշտի դյուրացման գծով և սննդամթերքի անվտանգության հարցերում։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև