«BDO Արմենիա» աուդիտորական ընկերություն 50 ժամ անվճար խորհրդատվություն է առաջարկում

18.11.2013 15:29
«BDO Արմենիա» աուդիտորական ընկերություն 50 ժամ անվճար խորհրդատվություն է առաջարկում

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «BDO» համաշխարհային աուդիտորական խոշորագույն կորպորացիայի անդամ «BDO Armenia» ընկերությունը հանրապետության սոցիալական ուղղվածության ընկերություններին մինչև 2013 թվականի ավարտն իր ծառայությունների շրջանակներում 50 ժամ անվճար խորհրդատվություն է առաջարկում, ասվում է «ԱՌԿԱ» գործակալություն ստացված մամուլի հաղորդագրությունում։

«BDO» ընկերությունների միջազգային խումբը գործում է  աշխարհի 138 երկրում և այս տարի նշում է միջազգային ասպարեզում իր գործունեության 50-ամյակը:
Ինչպես նշվում է հաղորդման մեջ, «BDO Արմենիան» իր հոբելյանի կապակցությամբ հանդես է եկել աննախադեպ առաջարկներով, որոնք կարող են արժեքավոր լինել գործարար աշխարհի ներկայացուցիչների, պետական կառույցների, հետազոտական ընկերությունների, առանձին հետազոտողների, գիտնականների և այլ ընկերությունների և անհատների համար:

Ընկերությունն առաջարկում է օգտվել BDO Compass ծրագրային գործիքի լայնամասշտաբ հնարավորություններից:

Ընկերությունների խումբը լայնածավալ հետազոտություններ է անցկացնում աշխարհի տարբեր երկրների մակրոտնտեսական և միկրոտնտեսական իրավիճակի վերաբերյալ, և ցանկացողները, ստանալով հասանելիություն BDO Compass գործիքին, կարող են ծանոթանալ իրենց հետաքրքրող երկրի մասին առկա վերլուծություններին:

««BDO Արմենիան» ներդրողներին նաև առաջարկում է BDO Ambition Survey-ը, որը կարող է անհրաժեշտ ու կարևոր տեղեկություններ տրամադրել աշխարհի տարբեր երկրների ներդրումային կլիմայի վերաբերյալ»,– ասվում է մամուլի հաղորդագրությունում։

Ընկերությունների խումբը հարցում է անցկացրել աշխարհի խոշոր միջազգային ընկերությունների ղեկավարների շրջանում, որի հիման վրա կազմվել է տեղեկատվական նյութ, թե որ երկրում ներդրումների համար որ ոլորտն է բարենպաստ, և ինչպիսի պոտենցիալ կա այդ ոլորտի հետագա զարգացման համար:

Ընկերությունը կազմել է 2013թ. համար տարբեր երկրների հյուրանոցային ոլորտի զբոսաշրջության զարգացման միտումների վերաբերյալ ուղեցույց: Ներկայացված են նաև մի շարք տեղեկություններ Անգլիայում, մայրցամաքային Եվրոպայում, Միջին Արևելքում և Աֆրիկայում հյուրանոցների գործունեության և շահութաբերության վերաբերյալ:

«Բի-Դի-Օ Արմենիայի» ներկայացրած առաջարկությունները կօգնեն նոր նախաձեռնությունների իրագործման բարձր մասնագիտական աջակցություն ստանալու և գործունեության արդյունավետ ուղիներ ընտրելու հարցում»,– նշվում է հաղորդման մեջ։

«BDO Արմենիա» ՓԲԸ-ն «BDO» ընկերությունների խմբի անդամ է: Վերջինս «BDO» միասնական առևտրային նշանի ներքո միավորում է մեծ թվով հաշվապահական ընկերություններ ամբողջ աշխարհից: Ունենալով ավելի քան 1,204 գրասենյակ աշխարհի մոտ 138 երկրում` «BDO»-ն աշխարհում հինգերորդ ամենախոշոր ընկերությունների խումբն է: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև