Հայկական հուշադրամը լավագույնն է ճանաչվել «Վիչենցա Նումիզմատիկա» միջազգային մրցույթում

18.11.2013 17:59
Հայկական հուշադրամը լավագույնն է ճանաչվել «Վիչենցա Նումիզմատիկա» միջազգային մրցույթում

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /ԱՌԿԱ/.  «Հայ գրքի տպագրության 500-ամյակ» հուշադրամը պատվով արժանացել է Իտալիայի Վիչենցա քաղաքում անցկացված 10-րդ միջազգային դրամագիտական մրցույթի (Vicenza Numismatica) առաջին մրցանակի «Աշխարհի լավագույն մետաղադրամը» անվանակարգում, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

«Վիչենցա Նումիզմատիկա» մրցույթն անցկացվել է 2013 թվականի սեպտեմբեր–նոյեմբերին։ Հեղինակավոր մրցույթին մասնակցել են մեծ թվով հանրաճանաչ դրամահատարաններ և էմիտենտ-կազմակերպություններ՝ ներկայացնելով 2012 թ. թողարկման հուշադրամները: Մրցույթի մրցանակները շնորհվել են երկու անվանակարգով`  «Աշխարհի լավագույն մետաղադրամը» և «Լավագույն մետաղադրամը ճարտարապետական կառույցի պատկերով»:

Միջազգային հանձնաժողովը հատուկ գնահատել է «Հայ գրքի տպագրության 500-ամյակ» հուշադրամի դիմերեսի էսքիզի ժամանակակից և դարձերեսի էսքիզի դասական ոճերի յուրահատուկ համադրությունը:

Հուշադրամի երկու կողմերը խորհրդանշորեն միավորում են անցյալն ու ներկան՝ արտացոլելով ոչ միայն հայկական առաջին գրքի՝ «Ուրբաթագրքի» տպագրության 500-ամյակը (տպագրվել է 1512 թ. Վենետիկում Հակոբ Մեղապարտի ջանքերով), այլև Հայաստանի ու նրա մայրաքաղաք Երևանի միջազգային մշակութային դերը:

Հայաստանի Կենտրոնական բանկը 2012 թվականին թողարկել է «Հայ գրքի տպագրության 500–ամյակը» արծաթե դրամը։ Դրամի դիմերեսին պատկերաված է «Գրքի միջազգային մայրաքաղաք» միջոցառումների պատկերը և թողարկման ամսաթիվը` «2012»։ Դարձերեսին` Վենետիկի բնապատկերներից մեկը, հայ գրատպության հիմնադիր Հակոբ Մեղապարտի «Ուրբաթագրքի» ապրանքանիշը և «Հիվանդի այցը» գրքից դրվագ։ Ձախ մասում ուղղահայաց հատված է «Ուրբաթագիրք», իսկ աջ եզրում` «հայ գրատպության 500–ամյակը»։ Դրամի ուրվագծերը ձևավորել է Վարդան Վարդանյանը։ Դրամը հատվել է Նիդեռլանդների թագավորական դրամահատարանում։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև