Հայկական դրամը կպահպանի կայունությունը նաև ՄՄ–ին Հայաստանի անդամակցությունից հետո. սոցիոլոգ

22.11.2013 14:10
Հայկական դրամը կպահպանի կայունությունը նաև ՄՄ–ին Հայաստանի անդամակցությունից հետո. սոցիոլոգ

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական դրամն այսօր կայուն է, և այդպիսին էլ կմնա Մաքսային միությանը երկրի միացումից հետո, կարծում է սոցիոլոգ, «Սոցիոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը։

«Այսօր Կենտրոնական բանկի քաղաքականության շնորհիվ դրամը բավականին կայուն և կանխատեսելի է։ Այդ իմաստով մեր գործարարները կարող են հանգիստ զբաղվել իրենց գործունեությամբ»,– ասաց նա` պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության անցկացրած հարցմանը` կապված հայկական ազգային արժույթի շրջանառության մեջ դնելու 20–ամյակի հետ։

1993 թվականի նոյեմբերի 22–ին Հայաստանի տարածքում ԽՍՀՄ Պետբանկի ռուբլու փոխարեն շրջանառության մեջ դրվեցին դրամային թղթադրամները, ինչը թույլ տվեց երկրում ֆինանսական և բանկային համակարգի կայացման, ինչպես նաև տնտեսության զարգացման հնարավորություն։

Ըստ նրա, Հայաստանի միացումը Մաքսային միությանը բացասական ազդեցություն չի ունենա հայկական արժույթի կայունության վրա։ Միաժամանակ նա վստահություն հայտնեց, որ Ռուսաստանի հետ ինտեգրացիոն գործընթացների խորացման արդյունքում ռուսական ռուբլու դերը` որպես հայկական շուկայի «խաղացողի», կաճի` դառնալով ամերիկյան դոլարի լուրջ մրցակից։

Իր դիրքորոշումը դրամի կայունության պահպանման վերաբերյալ` Մաքսային միությանը Հայաստանի միանալուց հետո, սոցիոլոգը բացատրեց նրանով, որ այդ կառույցը չի ենթադրում միասնական արժույթի ներդրում, որը կարող էր սպառնալիք լինել հայկական դրամի համար։

Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի` սեպտեմբերի 3–ին կայացած բանակցությունից հետո հայտարարվել է, որ Հայաստանը մտադիր է միանալ Մաքսային միությանը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացին։ Հայաստանը պատրաստ է գրեթե ողջ ծավալով ստանձնել Մաքսային միությանն անդամակցելու համար անհրաժեշտ պարտավորությունները, և այդ նպատակով ստեղծված աշխատանքային խումբն արդեն դեկտեմբերին «ճանապարհային քարտեզ» կներկայացնի։--0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև