Հայկական դրամն այսօր տոնում է իր 20-ամյակը

22.11.2013 15:02
Հայկական դրամն այսօր տոնում է իր 20-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական դրամն այսօր տոնում է իր 20-ամյակը: 1993թ.-ի նոյեմբերի 22-ին Հայաստանում սկսվեց խորհրդային ռուբլին նոր ազգային արժույթով՝ հայկական դրամով փոխարինման գործընթացը: Այդ գործընթացը տևեց գրեթե մեկ շաբաթ: Չնայած այն տարիների բավական ծանր պայմաններին, որոնք երկրի բնակչությունը հիշեց որպես ցուրտ և մութ տարիներ, դրվեցին հայկական պետականության և հիմնական ֆինանսական կառույցների, այդ թվում նաև Հայաստանի բանկային համակարգի հիմքերը:

Հայաստանում խորհրդային տարիներին շրջանառության մեջ էր գտնվում 92-93 միլիարդ խորհրդային և ռուսական ռուբլի (1992 թ.-ից): Մեկ շաբաթվա ընթացքում հայկական դրամով փոխարինվեց 117 միլիարդ ռուբլի, ինչը 25 տոկոսով գերազանցեց նախատեսված մակարդակը:

Հատկանշական է, որ այն ժամանակ Հայաստանն ինստիտուցիոնալ տեսակետից Կենտրոնական բանկ չուներ, չկային նաև սեփական պաշարներ: Կառավարությունը գնել էր որոշակի ծավալի ապրանք, որը պետք է վաճառքի հանվեր՝ ազգային արժույթի շրջանառության խթանման և դրա կայունության պահպանման համար:

Սկզբում ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի ֆիքսված փոխարժեքի պահպանման քաղաքականություն էր անցկացվում, սակայն արժույթը շրջանառության մեջ մտցնելուց տասը օր անց որոշում ընդունվեց լողացող փոխարժեքի քաղաքականության անցնելու մասին: Այսօր Հայաստանը շարունակում է պահպանել լողացող փոխարժեքի քաղաքականությունը:

Այս տարիներին հայկական դրամին քիչ դժվարություններ բաժին չհասան` մինչև այն կարողացավ ամրապնդվել և կոտրել քաղաքացիների համատարած  անվստահությունը: Սակայն որպես ազգային արժույթ շուկայում երկու տասնամյակ շրջանառության մեջ գտնվելն ապացուցում է, որ դրամը կայունության փուլում է, և դրա նկատմամբ վստահությունն աճում է:

Հայկական դրամի խորհրդանիշը

Հայաստանի ազգային արժույթի խորհրդանիշը հայկական այբուբենի «Դ» մեծատառն է` երկու հորիզոնական ընդգծված գծերով: Խորհրդանիշի պաշտոնական հաստատումը տեղի է ունեցել 2001թ.-ին, իսկ 2003թ.-ին նշանը տեղադրվել է 10 հազարանոց թղթադրամի դարձերեսին:
Նշանի հեղինակներ են համարվում Կարեն Կոմենդարյանը և Ռուբեն Առուտչյանը, ովքեր խորհրդանիշի նման էսքիզներ էին ներկայացրել:

Այսօրվա դրությամբ Հայաստանի դրամական շուկայում շրջանառության մեջ են գտնվում 100 000, 50 000, 20 000, 10 000, 1 000 դրամանոց թղթադրամները և 500, 200, 100, 50, 20 և 10 դրամ մետաղադրամները:

Ըստ կարգավորիչի` հանրապետության ԿԲ-ից դուրս կանխիկ դրամի ծավալը 2012թ.-ի վերջին կազմել է 440,1 մլրդ դրամ` անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 10,4 տոկոսով: Կանխիկ դրամի կառուցվածքում 20 000 և 10 000 դրամանոց թղթադրամների մեծ պահանջարկ է նկատվում: Մասնավորապես` շրջանառության մեջ գտվնող 20 000 դրամ արժեթուղթն ավելացել է 17 տոկոսով, իսկ 10 000-ը` 28,4 տոկոսով: Միաժամանակ մեծ տեմպերով ավելացել է 20 և 50 դրամ արժողությամբ մետաղադրամների ծավալը:

Քաղաքացիների վստահության աճը` 20 տարվա ընթացքում դրամի գլխավոր նվաճում
Ըստ ՀՀ ԿԲ տվյալների` 2013թ.-ի ինը ամիսների ընթացքում հանրապետության դրամային զանգվածի ծավալը կազմել է 1 457,9 մլրդ դրամ` վերջին տասը տարում ավելանալով 8 անգամ: Դրամային զանգվածի կառուցվածքում մեծ մաս են կազմում արտարժույթով դեպոզիտները` 47,8 տոկոս կամ 697,6 մլրդ դրամ, դրամով դեպոզիտները կազմել են 404,9 մլրդ դրամ, իսկ շրջանառության մեջ կանխիկ դրամի ծավալը հասնում է շուրջ 355,3 մլն դրամի:

Չնայած Հայաստանում դոլարացման համեմատաբար բարձր մակարդակին` վերջին տարիներին դրամի նկատմամբ վստահությունն աճում է, ինչի մասին վկայում է ազգային արժույթով բանկային դեպոզիտների աճի դինամիկան: Այսպես, վերջին ավելի քան 10 տարում ռեզիդենտների ազգային արժույթով ավանդներն ավելացել են 25 անգամ, միաժամաակ արտարժույթով դեպոզիտները նույն ժամանակահատվածում աճել են 14 անգամ:

Փորձագետները հակված են կարծել, որ հայկական դրամը Կենտրոնական բանկի ռացիոնալ դրամավարկային քաղաքականության շնորհիվ այսօր կայուն է և կանխատեսելի: Ըստ նրանց` այդպիսին հայկական արժույթը կմնա նաև Մաքսային միության կազմում ընդգրկվելուց հետո: Նրանք նաև ենթադրում են, որ մի քանի տարի անց, երբ ՀՀ տնտեսությունը կկարգավորվի, դրամը կարող է մասամբ փոխարկելի, իսկ հեռանկարում նաև ազատ փոխարկելի արժույթ դառնալ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև