Դրամը` որպես ազգային արժույթ շրջանառության մեջ դնելը շատ ճիշտ քայլ էր. փորձագետ

22.11.2013 16:00
Դրամը` որպես ազգային արժույթ շրջանառության մեջ դնելը շատ ճիշտ քայլ էր. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. 1993 թ.–ին որպես ազգային արժույթ հայկական դրամը շրջանառության մեջ դնելը շատ ճիշտ քայլ էր, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտարարեց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը հայկական դրամի 20–ամյակի կապակցությամբ։

«Իրեն հարգող ամեն երկիր պետք է ազգային արժույթ ունենա», – ընդգծեց փորձագետը։
Միաժամանակ նա սխալ համարեց ազգային արժույթի ներդրման ժամանակ 1 դոլարի դիմաց 14,5 դրամ մակարդակում դրամի փոխարժեքի սահմանումը։

Նրա խոսքերով` ցանկացած արժույթի մրցունակություն գնահատվում է երկրի տնտեսության զարգացման մակարդակով և անցկացվող դրամավարկային քաղաքականության արդյունավետությամբ։

«Առաջին դեպքում մենք դեռ բավականին խոցելի ենք և պետք է երկար ուղի անցնենք, որպեսզի ազգային դրամի կայունությունը պայմանավորված լինի երկրի տնտեսությամբ։ Մյուս կողմից, այսօր մեզ հաջողվում է իրականացնել դրամավարկային քաղաքականություն, որը թույլ է տալիս խուսափել լուրջ ցնցումներից», – ասաց Մանասերյանը։

Հայկական դրամի ապագայի կապակցությամբ փորձագետը նշեց, որ Հայաստանի ազգային արժույթը կպահպանի իր դիրքերը։

«Չեմ բացառում, որ մի քանի տարի անց, երբ Հայաստանի տնտեսությունը կկայունանա, դրամը կարող է մասամբ փոխարկելի դառնալ, իսկ հեռանկարում` ազատ փոխարկելի արժույթ», – ավելացրեց Մանասերյանը։

Հայկական դրամն այսօր դառնում է 20 տարեկան։ Խորհրդային ռուբլին նոր ազգային արժույթով` հայկական դրամով փոխարինելու գործընթացը սկսվել է 1993 թ.–ի նոյեմբերի 22–ին։ Միաժամանակ Հայաստանը, որը առավել ծանր տնտեսական վիճակում էր, դարձավ արդեն նախկին ԽՍՀՄ–ի վերջին երկիրը, որն իր ազգային արժույթը ներդրեց։

ԽՍՀՄ–ի փլուզումից հետո Հայաստանում շրջանառության մեջ էր մոտ 92–93 մլրդ խորհրդային և ռուսական ռուբլի։ Մեկ շաբաթվա ընթացքում հայկական դրամով փոխարինվեց 117 մլրդ ռուբլի, ինչը 25 տոկոսով գերազանցեց նախատեսված մակարդակը։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև