ՎՏԲ բանկի ղեկավարը հեռանակարային է համարում Հայաստանի շուկան

03.12.2013 10:21
ՎՏԲ բանկի ղեկավարը հեռանակարային է համարում Հայաստանի շուկան

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ընդունել է ռուսական ՎՏԲ Բանկի նախագահ-վարչության նախագահ Անդրեյ Կոստինին:

Ինչպես տեղեկացնում են ԿԲ մամուլի ծառայությունից, ողջունելով հյուրին՝ Կենտրոնական բանկի ղեկավարը կարևորել է հայաստանյան ֆինանսական շուկայում ՎՏԲ բանկի ներկայությունը, նշելով, որ այն ոչ միայն խթան է հայաստանյան ֆինանսական շուկայում նոր, ժամանակակից բանկային պրոդուկտների ներդրման համար, այլ նաեւ բանկային համակարգում մրցունակության պահպանման կարևորագույն գործոն:

Արթուր Ջավադյանը նշել է, որ ՎՏԲ-Հայաստան բանկը բավականին լավ է ներկայացված Հայաստանում, ինչը թույլ է տալիս բանկի ծառայությունները հասանելի դարձնել հանրապետության ողջ տարածքում: Նա ընդգծել է, որ ՎՏԲ բանկն ակտիվ ներդրումային գործունեություն է ծավալում  Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերում, ինչը հայաստանյան գործարար միջավայրի և տնտեսության զարգացման կարևոր գործոններից մեկն է:

ՎՏԲ Բանկի նախագահ-վարչության նախագահը նշել է, որ բանկի ղեկավարության կողմից մշտապես մեծ նշանակություն է տրվում Հայաստանի ֆինանսական շուկայում ՎՏԲ բանկի ներգրավվածության ակտիվացմանը: Անդրեյ Կոստինը գոհունակությամբ ընդգծել է, որ բանկը հաջողությամբ իրականացնում է հայաստանյան տնտեսության համար կարևոր բիզնես-նախագծերի ֆինանսավորում և դիտարկում է այս շուկան որպես հեռանկարային:

Արթուր Ջավադյանը հյուրի խնդրանքով ներկայացրել է Հայաստանի ֆինանսական համակարգի հիմնական ցուցանիշները, վերջին տարիների ընթացքում իրականացված բարեփոխումները՝ մասնավորապես, նոր ենթակառուցվածքների ստեղծման ուղղությամբ:  Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայաստանյան ֆինանսական շուկայում ՎՏԲ բանկի նախանշվող ծրագրերի վերաբերյալ:

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ–ն  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև